Ինչո՞ւ է յուրաքանչյուր մարդ հոտերը յուրովի զգում

18:45   25 ապրիլի, 2017

Հոտառությունը որոշվում է ոչ միայն «հոտառության գեների» կառուցվածքի տարբերություններով, այլեւ այն հանգամանքով, թե կյանքի անցած տարիներին եւ օրերին կենդանիները կամ մարդիկ ինչ հոտեր են զգացել: Սա պարզվել է «երկվորյակ» մկների դիտարկումներով:

«Պարզվել է, որ քթի հյուսվածքների ձեւավորման մեջ գեների դերը նախկինի նման անչափ մեծ է, սակայն դրա հետ մեկտեղ շրջակա միջավայրը պակաս ավանդ չունի հոտառության զգացման զարգացման մեջ: Մենք հայտնաբերել ենք, որ հոտառության բջիջների վարքը եւ հատկությունները կախված են ոչ միայն գեներից, այլեւ դրանք կրողի կյանքի պատմությունից»,- ասել է Կամպինաս (Բրազիլիա) քաղաքի համալսարանից Ֆաբիո Փեյփսը:

Մարդու քիթը նյարդային միլիոնավոր բջիջներ է պարունակում, որոնք պատասխանատու են տարբեր հոտերը տարբերակելու համար: Այս բջիջները մարդու կյանքի ամբողջ ընթացքում մշտապես թարմանում են:

Հոտառության ռեցեպտորների տեսակների մեծ քանակը, դրանք մոտ հազարի են հասնում, գիտնականներին խանգարում է հասկանալ, թե հոտերը տարբերակելու ունակությունն ինչու է տարբեր մարդկանց մոտ նկատելիորեն տարբերվում: Հետազոտողները վիճաբանում են այն հարցի շուրջ, թե արդյոք մարդու կյանքի պայմաններն ազդո՞ւմ են հոտերը տարբերակելու ունակության վրա, կամ տարբերությունները պայմանավորված են միայն գեներո՞վ:

Փեյփսի խումբը այս հարցի պատասխանը գտնելու սրամիտ մեթոդ է մտահղացել՝ հետեւելով, թե միատեսակ եւ տարբեր գենետիկ գծերի մկների քթի նյարդային բջիջներն ինչպես են արձագանքում տարբեր հոտերին:

Հետազոտողներն այս նպատակով մեծացրել են մկների մի քանի խմբերի, որոնց մի մասն ապրել է նույն հոտով վանդակներում, մյուսները՝ 4 տարբեր հոտերով վանդակներում: Երբ մկները մեծացել են, գիտնականները նրանց քթերից հանել են հոտառության նեյրոնները, դրանք բազմացրել են եւ ուսումնասիրել, թե հոտերը տարբերակող ինչ սպիտակուցներ են առկա եղել մկների բջիջների տարբեր տեսակներում:

Պարզվել է, որ տարբեր հոտերով վանդակների մկները ունեցել են սպիտակուցների ոչ միատեսակ հավաքածու, որոնք պատասխանատու են հոտերի տարբերակման համար, չնայած նրանք նույնանման գեներ են ունեցել: Դրանց աշխատանքում տարբերությունները պահպանվել են մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս, եւ դրանք փոխվել են հոտերի նոր տեսակով վանդակներում հայտնվելիս:

Փեյփսի խոսքով՝ մարդու կամ մկների կողմից անցյալում ընկալած տարբեր հոտերի ազդեցությամբ այս սպիտակուցների խտության մեջ փոփոխությունները այն պատճառն են, թե ինչու է մեզնից յուրաքանչյուրն օժտված եզակի եւ մշտապես փոխվող հոտառությամբ:



© NEWS.am Medicine