Լյարդի ցիրոզը կապել են ցուրտ կլիմայի հետ

22:40   25 ապրիլի, 2017

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ ալկոհոլային ցիրոզի ցուցանիշները բարձր են աշխարհի ավելի ցուրտ եւ քիչ արեւային տարածաշրջաններում: Նոր տվյալները ներկայացվել են Ամստերդամում կայացած լյարդի հիվանդությունների միջազգային կոնգրեսում:

Հետազոտողների միջազգային խումբը, որը վերլուծել է 190 երկրներից ստացված տվյալները, պարզել է, որ Ցելսիուսի 1 աստիճանով ջերմաստիճանի յուրաքանչյուր բաձրացման դեպքում ալկոհոլային ցիրոզի մասնաբաժինը նվազում է 0,3 տոկոսով: Գիտնականները վարկած են առաջադրել, որ ավելի ցուրտ երկրներում ալկոհոլն ավելի շատ է օգտագործվում, եւ համապատասխանաբար մեծանում է ալկոհոլային ցիրոզի մասնաբաժինը: Նրանք կարծում են, որ ալկոհոլի օգտագործումը տաքանալու զգացում է առաջացնում, իսկ արեգակնային լույսի փոքր քանակը դեպրեսիա է առաջացնում, որը նույնպես ընդունված է ալկոհոլի չարաշահմամբ բուժել:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրի կլիման եւ աշխարհագրական դիրքը լյարդի ցիրոզի մակարդակի վրա ցնցող ազդեցություն են ունենում,- հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոկտոր Նիլ Դ. Շահը: - Կախված այն հանգամանքից, թե միջին ջերմաստիճանը եւ ցերեկվա տեւողությունն ինչպես են կրճատվում, իսկ լայնությունը մեծանում, ալկոհոլի հետ կապված ցիրոզի ցուցանիշները մեծանում են: Սա վկայում է, որ ցրտի եւ մթության դեմ պայքարելու համար ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել ալկոհոլային ցիրոզով հիվանդանալու հավանականությունը»:

Կանադացի, մեքսիկացի, իսպանացի եւ ամերիկացի գիտնականներից կազմված հետազոտական խումբը կատարել է 193 երկրների տվյալների բազմակողմանի վերլուծություն, որոնք վերցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպության տվյալների բազաներից: Նրանք համեմատել են ալկոհոլի օգտագործման, միջին ջերմաստիճանի, կլիմայի, լայնության եւ տարեկան ցերեկվա տեւողության տեղեկությունները, որ որոշեն դրանց ազդեցությունը ալկոհոլի հետեւանքով առաջացած ցիրոզի վրա:

Գիտնականների կարծիքով՝ ստացած տվյալների հիման վրա կարող են հյուսիսային երկրների կառավարություններին հահանգներ տալ ալկոհոլային ցիրոզի մակարդակի նվազեցման համար:



© NEWS.am Medicine