Մսի չափից ավելի օգտագործումը կարող է լյարդի ցիրոզ առաջացնել

11:49   26 ապրիլի, 2017

Կենդանական ճարպը կարող է մարդու մոտ լյարդի ցիրոզ առաջացնել, պարզվել է հետազոտությամբ, որը ներկայացվել է Նիդեռլանդներում տեղի ունեցած հեպատոլոգիայի միջազգային գիտական կոնգրեսում:

Գիտնականները նշում են, որ ներկայումս շատերն են գայթակղվում առողջ սնվելու գաղափարով եւ մշտապես սպիտակուց ուտում՝ մկանային զանգվածն աճեցնելու համար, ինչը կարող է մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ:

Մասնագետների փորձերին մասնակցելու համար հրավիրել են մինչեւ 71 տարական 3400 կամավորների, որոնցից անալիզներ են վերցվել եւ որոշվել են օրգանիզմի ֆիզիկական վիճակի պարամետրերը: Նրանց մի մասը, ում սննդակարգում մշտապես սպիտակուցի մեծ պարունակությամբ մթերքներ են եղել, տառապել է ավելորդ քաշով, նկատվել են նաեւ լյարդի աշխատանքի խանգարումներ եւ դիաբետի զարգացում:

Կենդանական ճարպի չափից ավելի օգտագործումը լյարդի ճարպային հիվանդություն է առաջացնում, որը հետո կարող է հանգեցնել օրգանի աշխատանքի խափանումների, քանի որ այն ուղղակի չի կարողանում դիմակայել նման ծանրաբեռնվածությանը: Արդյունքում սրտի հիվանդություններ են առաջանում՝ աթերոսկլերոզի հետ, իսկ քրոնիկական պրոցեսների դեպքում կարող է ցիրոզ առաջանալ: Գիտնականները նախկինում կարծում էին, որ այս հիվանդության պատճառը սպիրտային խմիչքների չարաշահումն է, սակայն հիմա վտանգի նոր գործոն են հայտնաբերել:



© NEWS.am Medicine