Հայաստանը բրենդային թանկարժեք պատվաստանյութեր է գնում մենտալիտետի առանձնահատկությունների պատճառով. փոխնախարար

21:44   25 ապրիլի, 2017

Հայաստանը միշտ գնում է բրենդային արտադրողների ամենաթանկարժեք պատվաստանյութերը մենտալիտետի առանձնահատկությունների պատճառով ։ Այս մասին իմունիզացիայի հարցերով դասընթացի ժամանակ հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որ երկրներից են պատվաստանյութեր գնվում։

«Որոշակի գումարի դիմաց մենք լավ արդյունավետություն ենք ապահովում։ Իմ խորին համոզմամբ՝ այդ նույն արդյունավետությունը մենք կարող էինք ապահովել ավելի քիչ գումարով, գնելով GMP չափանիշներով արտադրված պատվաստանյութեր՝ օրինակ Հնդկաստանից»,- ասել է նա։

Փոխնախարարը պարզաբանել է, որ այսօր հարցն այն չէ, թե որտեղ է արտադրվում դեղամիջոցը կամ պատվաստանյութը, այլ այն, թե ինչպես է այն արտադրվում։ Եթե արտադրությունը գտնվում է Չինաստանում կամ Հնդկաստանում, բայց այն համապատասխանում է GMP չափանիշներին, ապա այնտեղ արտադրված դեղամիջոցը իր որակով ոչ մի կերպ չի տարբերվում եվրոպական երկրներում արտադրվածից, վստահեցրեց նա։

«Բայց մեր երկրում այդ հարցի նկատմամբ հատուկ մոտեցում կա։ Մեր պատկերացումները Հնդկաստանի մասին մնացել են 60-ականների մակարդակի վրա։ Մինչդեռ Չինաստանն ու Հնդկաստանը վերջին 30 տարիներին տեխնոլոգիական թռիչք են իրականացրել ու այսօր նրանք դեղագործական ինդուստրիայի առաջատարներ են»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ հիմա Հայաստանի կառավարությունը գնում է պատվաստանյութերը ոչ թե տենդերով, այլ արտադրողից ուղիղ գնումների ճանապարհով, քանի որ այդպես պատվաստանյութերն ավելի էժան են ստացվում։ Այս հարցում Հայաստանին օգնում է ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամը, որը հատուկ ստորաբաժանում ունի, որը զբաղվում է պատվաստանյութերի կենտրոնացված գնումներով ու բաշխումով։



© NEWS.am Medicine