Գիտնականները հայտնաբերել են օնկոհիվանդությունների կրկնվելու պատճառը

13:01   26 ապրիլի, 2017

Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները վարկած են առաջադրել քաղցկեղային ուռուցքների կրկնվող առաջացման պատճառների մասին:

Օնկոլոգիական հիվանդությունների կրկնումը, հնարավոր է, կապված է ուռուցքներով ախտահարված բջիջների կողմից ջրածնի պերօքսիդի (H2O2, կենցաղում՝ ջրածնի գերօքսիդ) ավելցուկային քանակով արտադրման հետ: Ջրածնի պերօքսիդի մեծ քանակի հետ շփվելու դեպքում  առողջ բջիջները սկսում են իրենց կառուցվածքը փոխել: Գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Էնդրյու Թանի խոսքով՝ պերօքսիդը բջիջներից բավականին արագ է դուրս գալիս, որի հետեւանքով դրա վնասակար ազդեցությունը դժվար էր որոշել: «Դոմինոյի էֆեկտը» երեւան է գալիս որոշ ժամանակ անց, իսկ առողջ բջիջների ախտահարված հատվածը դիտվում է ուռուցքի առաջացման առաջնային տեղից մինչեւ 7 սմ շառավղով:

«Գիտնականները փորձերի ընթացքում առողջ բջիջները ենթարկել են ջրածնի պերօքսիդի ինտենսիվ չափաքանակների ազդեցությանը, որի հետեւանքով բջիջներն արագ ոչնչացել են, սակայն փոքր չափաքանակների երկարատեւ ազդեցության դեպքում բջիջն սկսում է փոխակերպվել»,- ասել է նա: Այնուհետեւ պերօքսիդի ազդեցությամբ փոխված բջիջները ներարկվել են կենդանիների առողջ օրգանիզմ, որոնք ուռուցքներ են առաջացրել:



© NEWS.am Medicine