Ոչ թե աշխարհագրությունն է պահում երկիրը, այլ ժողովրդագրությունը. ԵՄ դեսպանը՝ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի մասին

15:24   26 ապրիլի, 2017

Երկրները պահպանում է ոչ թե աշխարհագրությունը, ինչպես շատերն են պնդում, այլ ժողովրդագրությունը, եւ ժողովրդագրությանն աջակցելով՝ մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի զարգացմանը՝ որպես հնագույն քաղաքակրթությամբ երկիր: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ելույթ ունենալով «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի՝ փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» համաժողովում:

Նա նշեց, որ Հայաստանում ԵՄ-ի աջակցությամբ 3 տարվա ընթացքում անցկացված երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը շատ կարեւոր է ժողովրդագրության տեսակետից եւ իրոք շոշափելի արդյունքներ է ունեցել՝ կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը, կրճատվել է նաեւ նորածին աղջիկների եւ տղաների թվի անհամապատասխանությունը: Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ այս միտումը հետագայումս եւս կպահպանվի:

Նա նշեց ծրագրի կարեւորությունը նաեւ բնակչության իրազեկվածության բարձրացման տեսակետից՝ շատերն են սկսել այս մասին խոսել, եւ շատերն են իրենց վերաբերմունքն ու պահվածքը փոխել:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ծրագրի շնորհիվ Հայաստանին կհաջողվի ավելի ամուր հասարակություն կառուցել, որին ավելի առողջ ապագա է սպասում: «Եվրամիության համար սա շատ կարեւոր է, քանի որ մենք Հայաստանը համարում ենք եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մասը, որն իր ավնադն է բերում Եվրոպայի մշակութային ինքնության մեջ, եվրոպական քաղաքակրթության զարգացման մեջ, որպես երկիր, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել, եւ որպես երկիր, որը պաշտպանում է արժեքները»,- ասաց նա:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի համար սպառնալիքներ է ստեղծում հատկապես ժողովրդագրությունը, եւ առանց պատշաճ ժողովրդագրական քաղաքականության մյուս բոլոր ասպեկտները միայն տեսական նշանակություն ունեն:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի բոլոր մասնակիցներին եւ խոստացավ, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին մեկնարկած «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 790.000 եվրո, որից 750.000 եվրոն հատկացրել է Եվրամիությունը, մնացյալ 40.000 եվրոն ներդրել են ծրագրի չորս գործընկերները:

Ծրագիրն իրականացրել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի Զարգացման կենտրոնը, Մարտունու Կանանց հանրային խորհուրդը, Save the Children Nederland-ը:



© NEWS.am Medicine