Գիտնականներն առաջընթաց քայլ են կատարել ցրված սկլերոզի առաջացումն ըմբռնելու ոլորտում

20:59   27 ապրիլի, 2017

Մեծ Բրիտանիայի Էքսեթերի եւ Կանադայի Ալբերտի համալսարանների գիտնականների խմբի կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Rab32 պրոտեինի բարձր մակարդակը խափանում է միտոքոնդրիումների մասնակցությամբ կարեւոր մեխանիզմները, որը «բջջային մարտկոցների» սխալ աշխատանք է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է ցրված սկլերոզով հիվանդների ուղեղի բջիջների վրա տոքսիկ ազդեցության: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Neuroinflammation ամսագրում:

Հետազոտության համահեղինակ, Էքսեթերի համալսարանի իմունոլոգ Փոլ Իգլթոնը նշել է, որ «չնայած ցրված սկլերոզը մարդկանց կյանքի վրա կործանարար ազդեցություն է ունենում, ընթացիկ վիճակն այնպիսին է, որ այն ամենը, ինչ բժշկությունն առաջարկում է, հիվանդության ախտանիշների բուժումն է»:

Ցրված սկլերոզի ընթացքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է կենտրոնական նյարդային համակարգի հյուսվածքների վրա: Հիվանդությունն աստիճանաբար քայքայում է միելինային թաղանթը, որը պաշտպանում է նյարդային մանրաթելերը, որոնք էլեկտրական ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգին: Սա կարող է առաջացնել ուղեղի ախտահարում, տեսողության վատացում, ցավեր, ընկալման փոփոխություններ, ծայրահեղ հոգնածություն, շարժման հետ կապված խնդիրներ եւ այլ ախտանիշներ:

Rab32 պրոտեինը մասնակցում է միտոքոնդրիումային մի քանի պրոցեսների: Գիտնականները հայտնաբերել են, որ այս պրոտեինի մակարդակը շատ բարձր է ցրված սկլերոզով հիվանդների ուղեղում եւ հազիվ է նկատվում առողջ մարդկանց ուղեղում: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ Rab32-ի առկայությունը համընկնում է միտոքոնդրիումների դիսֆունկցիայի հետ, որը տոքսիկ ազդեցություն է ունենում սկլերոզով հիվանդների ուղեղի բջիջների վրա: Խանգարումն առաջացնում է էնդոպլազմատիկ ռետիկուլում կոչվող բջջային հատվածը, որը գտնվում է միտոքոնդրիումների մոտակայքում: Էնդոպլազմատիկ ռետիկուլումը արտադրում, մշակում եւ փոխադրում է մեծ թվով կոմպոնենտներ, որոնք օգտագործվում են բջջի մեջ եւ դրա սահմաններից դուրս:

Գիտնականների խումբը չի պարզել, թե ինչն է առաջացնում Rab32 պրոտեինի մակարդակի բարձրացում, սակայն գիտնականները ենթադրում են, որ պատճառը, հնարավոր է, էնդոպլազմատիկ ռետիկուլումի հիմքի արատն է:



© NEWS.am Medicine