Գիտնականները զգուշացրել են էներգետիկ ըմպելիքների վտանգավորության մասին

10:36   28 ապրիլի, 2017

University of the Pacific-ի գիտնականները հաղորդել են էներգետիկ ըմպելիքների վտանգավորության մասին:

Ներկայում շուկայում ավելի քան 500 տեսակի էներգետիկ ըմպելիք կա, որոնք ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում: Միաժամանակ, աճում է դրանք օգտագործող այն մարդկանց թիվը, որոնք բուժօգնության են դիմում: Այդ ըմպելիքներն արտադրողներն ու դրանց սիրահարները հայտարարում են, որ դրանք նույնքան անվտանգ են, որքան կոֆեինը, բայց իրականում, ըստ գիտնականների, դա սխալ է:

Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության ծառայությունը (U.S. Food and Drug Administration, FDA) անվտանգ է համարում մինչեւ 400 մգ կոֆեինը (հինգ գավաթ): Բայց կոֆեինից բացի, էներգետիկ ըմպելիքները նաեւ մեծ քանակությամբ այլ նյութեր են պարունակում, որոնք կարող են բացասաբար ազդել առողջության վրա:

Դրանց ազդեցության չափը որոշելու համար հետազոտողները հետեւել են 18 առողջ կանանց եւ տղամարդկանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին էներգետիկ կամ նույնքան կոֆեին պարունակող այլ ըմպելիք խմելուց հետո: Էներգետիկ ըմպելիքի միջին տարան շուրջ 320 մգ կոֆեին (չորս գավաթ սուրճ), որոշ քանակությամբ B վիտամին, տաուրին, շաքար եւ այլ բաղադրիչներ է պարունակում:

Մասնագետներն ըմպելիք օգտագործելուց հետո 24 ժամվա ընթացքում փորձի մասնակիցների առողջական վիճակին հետեւել են արյան ճնշման չափման եւ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով: Արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր էներգետիկ ըմպելիք են խմել, սրտի ռիթմի փոփոխություններ են նկատվել՝ QT միջակայքի երկարաձգում: Այս փոփոխությունները կարող են սրտի ռիթմի խախտման պատճառ դառնալ, ինչը վտանգավոր է առողջության համար: Էներգետիկ ըմպելիք խմելուց հետո արյան ճնշումը բարձրացել է միջինը հինգ կետով, իսկ այդ արդյունքը պահպանվել է նաեւ վեց ժամ անց: Կոֆեին պարունակող ըմպելիքից հետո արյան ճնշումը բարձրացել է մեկ կետով: Առողջ մարդկանց պարագայում այս տարբերությունը կարող է աննշան լինել, բայց սրտի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդները պետք է խուսափեն էներգետիկ ըմպելիքներից:



© NEWS.am Medicine