Ծխելը վնասակար է ոչ այն պատճառով, որ բժիշկներն են ասում, այլ իսկապես վնասակար է. հնդիկ պրոֆեսոր

13:50   28 ապրիլի, 2017

Ծխելը վնասակար է ոչ այն պատճառով, որ բժիշկներն են այդպես ասում, այլ այն իսկապես վնասակար է: Այս մասին ապրիլի 28-ին Երեւանում ընթացող Քաղցկեղը հաղթահարածների կոնգրեսում հավաստիացրեց  Դինեշ Փենդհարքարը՝ Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահ, Ասիայի Ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր:

Բժշկին ներկայացնելիս Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը նշեց, որ նրա հոգածության ներքո է գտնվում  100 մլն մարդ:

Հնդիկ պրոֆեսորը նշեց, որ աշխարհում տարեկան 14 մլն մարդ հիվանդանում է քաղցկեղով: Ճիշտ է, հիմա ավելի շատ մարդ է քաղցկեղը հաղթահարում, քան դրա հետեւանքով մահացող մարդկանց թիվն է: «Այսօր քաղցկեղի բուժումն ավելի հեշտ է դարձել, բայց մենք կցանկանայինք, որ այն ընդհանրապես վերանար»,- ասաց նա՝ հավելելով, որ օնկոլոգիական հիվանդությունների 40 տոկոսն առաջանում է ծխելու հետեւանքով: Այնպես որ՝ եթե այսօր ծխելուց հրաժարվեն, վաղը քաղցկեղով հիվանդ 40 տոկոս մարդ չի լինի:

Դինեշ Փենդհարքարը նշեց, որ մեծ թվով երկրներում այսօր հակածխախոտային արշավներ են ծավալվում, եւ շատ վայրերում, մասնավորապես, ուսումնական հաստատություններում ծխելն արգելված է: «Մենք պետք է խնդրի լուծումը սկսենք մեր տանից, այսօր ես արդեն այս համալսարանի պրոֆեսոր եմ եւ կցանկանայի, որ իմ համալսարանում նույնպես ծխելն արգելվեր»,- ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ի պատասխան հավաստիացրեց, որ բժշկական համալսարանը բոլոր ջանքերը կներդնի օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում, եւ, իհարկե, կմիանա «ծխախոտի ծխից ազատ» ծրագրին:



© NEWS.am Medicine