Պետպատվերով մատուցվող ծառայությունները մայիսի 1-ից կֆինանսավորվեն էլառողջապահական համակարգի տվյալներով

21:14   28 ապրիլի, 2017

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատանքային կարգով հանդիպել է ՀՀ մարզպետարանների առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների եւ բաժինների պետերին` քննարկելու էլեկտրոնային առողջապահական համակարգի մեկնարկին առնչվող հարցերը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը եւ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը:

Լեւոն Ալթունյանը ներկաներին հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն մայիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգը եւ հորդորել լինել առավել քան ուշադիր, քանի որ ֆինանսավորումն այսուհետեւ կատարվելու է մուտքագրված տվյալների հիման վրա:

ՀՀ մարզպետարանների առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների եւ բաժինների պետերը ներկայացրել են տվյալների մուտքագրման ընթացքում ծագած հարցերը, հանդես եկել առաջարկներով, կիսվել մտահոգություններով:

Բարձրաձայնված խնդիրներին մասնագետները տեղում պատասխանել են: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը կարեւորել է գործնական աշխատանքների հիման վրա ներկայացվող դիտարկումները եւ առաջարկները, որոնք հաշվի առնելով կատարելագործվում է համակարգը:

Այսպիսով` մայիսի 1-ից բժշկական կազմակերպությունները կանցնեն Էլեկտրոնային առողջապահական համակարգի կիրառմանը:

 



© NEWS.am Medicine