20 հիվանդի հեպատիտ С-ով վարակված երիկամ են փոխպատվաստել. գիտափորձ

16:37   2 մայիսի, 2017

Բժիշկներին հաջողվել է հեպատիտ С-ով 20 հիվանդների բուժել, որոնց հատուկ փոխպատվաստել են վարակված դոնորների երիկամներ: Փորձի արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրում:

Դոնորական երիկամ ստանալուն սպասողների հերթում գտնվող հիվանդներին առաջարկվել է արտահերթ փոխպատվաստ ստանալ՝ մի պայմանով, որ այն վարակված է լինելու հեպատիտ C-ով, որը հետո կբուժվի: Դոնորական երիկամներ են ստացել 20 հիվանդներ: Նրանք նախազգուշացվել են պոտենցիալ վտանգների մասին՝ մնացյալ ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության դեմ պայքարելու հավանականությունից սկսած մինչեւ մահվան ելք: Այսուհանդերձ, բուժումը հաջող է անցել, եւ էլբասվիր ու գրազոպրեւիր հակավիրուսային դեղամիջոցով թերապիայի 12 շաբաթից հետո փորձի բոլոր մասնակիցներն առողջ էին:

Հետազոտողների կարծիքով՝ փորձի արդյունքները ավելի մեծ թվով մարդկանց թույլ կտան դոնորական օրգանները ժամանակին ստանալ: Ներկայումս դոնորների թիվը սահմանափակված է միայն առողջ մարդկանցով, սակայն փոխպատվաստումից հետո հեպատիտ C-ի հաջող բուժումը հիվանդների հնարավորությունները կընդլայնի: Խնդիրը բուժման բարձր արժեքն է՝ հետազոտության ժամանակ օգտագործված կուրսն արժե 50 հազար դոլար, իսկ եւս մեկ, ավելի ժամանակակից կուրսն արժե 94 հազար դոլար:



© NEWS.am Medicine