Ճանաչենք հիվանդությունները. Շագանակագեղձի քաղցկեղ

21:20   2 մայիսի, 2017

Դուք հավանաբար որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց կարող է յուրաքանչյուրը բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ի նոր խորագրի ներքո մենք ներկայացնում ենք այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա, որպեսզի պատկերացում կազմի, թե դրանք իրենցից ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման շագանակագեղձի քաղցկեղն է: NEWS.am Medicine-ը թեմայի շուրջ զրուցեց ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանի հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շագանակագեղձի քաղցկեղը

Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի հյուսվածքներում: Քաղցկեղի այս տեսակի դեպքում մետաստազները տարածվում են արյունատար եւ ավշային ուղիներով, ավելի հաճախ՝ դեպի թոքեր, լյարդ, ոսկրեր, նաեւ ավշահանգույցներ:

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից է: Աշխարհում ամեն տարի գրանցվում է շագանակագեղձի քաղցկեղի ավելի քան 400 հազար դեպք: Որոշ երկրներում շագանակագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների թվում 2-3-րդ տեղն է զբաղեցնում՝ իր տարածվածությամբ զիջելով միայն թոքերի քաղցկեղին եւ որոշ դեպքերում՝ կոլորեկտալ քաղցկեղին:

Ախտանիշներ

Հրաչիկ Պետրոսյանը նշեց, որ որոշ դեպքերում շագանակագեղձի քաղցկեղը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց որեւէ ախանիշի: Այլ դեպքերում կարող է դրսեւորվել ինչպես շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան՝ հիվանդի մոտ կարող է միզելու հաճախակի ցանկություն առաջանալ, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողություն, միզելու դժվարություն, ցավի զգացողություն շեքում:

Վտանգի գործոններ

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության մեծացման վտանգի գործոններին են վերաբերում՝

Ախտորոշում

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը PSA թեստն է (շագանակագեղձային յուրահատուկ հակածինի մակարդակի հետազոտությունը): Սա արյան պարզ անալիզ է, որի արդյունքով մասնագետը կարող է ենթադրել, որ հիվանդը ռիսկի խմբում է կամ նա արդեն առողջական խնդիրներ ունի: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվում է նաեւ  մատնային ռեկտալ հետազոտումը, տրանսռեկտալ էխոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում շագանակագեղձի բիոպսիան, որի տվյալները կարող են հաստատել կամ հերքել նորագոյացության առկայությունը:

Բուժում

Ուրոլոգը նշեց, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժումը կախված է հիվանդի վիճակից եւ հիվանդության բարձիթողությունից: Նախնական փուլերում, մետաստազների բացակայության դեպքում, որպես կանոն, կատարվում է շագանակագեղձի հեռացում՝ ռադիկալ պրոստատէկտոմիա: Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են բուժման նաեւ այլ մեթոդներ, այդ թվում՝ ճառագայթային եւ հորմոնալ թերապիա:

Ավելի ուշ փուլերի դեպքում բուժումն ընտրվում է հիվանդի վիճակին եւ մետաստազների տեղակայմանը համապատասխան:

Կանխատեսումները կախված են այն հանգամանքից, թե ուռուցքը երբ է հայտնաբերվել եւ բուժումը որքան արագ է սկսվել. ինչպես քաղցկեղի մյուս տեսակների դեպքում, կանխատեսումներն ավելի բարվոք են այն հիվանդների դեպքում, ում մոտ ուռուցքը վաղ փուլում է հայտնաբերվել, եւ բուժումն սկսվել է անհապաղ: Բարձիթողի դեպքերում բուժման արդյունավետությունը ավելի փոքր է:

Վերջաբանի փոխարեն

Շագանակագեղձի քաղցկեղը բավականին տարածված եւ ծանր հիվանդություն է, իսկ կանխատեսումը կախված է հիվանդության փուլից. ինչպես արդեն վերեւում նշվեց, բուժումը որքան վաղ է սկսվում, այնքան բարենպաստ ելքի հավանականությունը մեծ է: Հատկապես այս պատճառով մասնագետները 45-50 տարեկանից մեծ բոլոր տղամարդկանց խորհուրդ են տալիս գոնե մեկ անգամ PSA թեստ հանձնել: Այն տղամարդիկ, որոնց ազգականների մոտ շագանակագեղձի քաղցկեղ եղել է, խորհուրդ է տրվում այս թեստը պարբերաբար տարին մեկ անգամ հանձնել: Խորհուրդ է տրվում թեստի հանձնումը սկսել 10 տարի առաջ այն ժամանակից, երբ մերձավոր ազգականի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. օրինակ՝ եթե տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է 50 տարեկանում, ապա նրա որդուն խորհուրդ է տրվում ամեն տարի PSA թեստ հանձնել 40 տարեկանից սկսած:



© NEWS.am Medicine