Գիտնականները գտել են մարդու «քաղցրակերության հորմոնը»

23:42   4 մայիսի, 2017

Պարզվում է՝ ախորժակի FGF21 հորմոնը, որն արտադրում են լյարդի բջիջները, կապված է քաղցր կերակուրի անհաղթահարելի ձգտման հետ, պարզել են Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ գիտնականները:

«Կուշտ լինելու զգացումը կարծես միանգամից մի քանի նյարդային շղթաների աշխատանքի արդյունքն է, որոնք կառավարում են տարբեր տեսակի նուտրիենտների պահանջը: Մեր հայտնագործությունը եւ այս հետազոտությունը ինձ ստիպեցին միանգամայն այլ մոտեցմամբ նայել, թե ինչպես է մետաբոլիզմը գործում»,- հայտարարել է Կոպենհագենի (Դանիա) համալսարանից Մեթյու Գալիումը:

Նախկինում գիտնականները կարծում էին, որ FGF21 հորմոնը լյարդն արտադրում է ճաշելու ժամանակ եւ օրգանիզմին օգնում է սահուն փոխել ինսուլինի մակարդակը՝ այն պատրաստելով գլյուկոզայի եւ այլ նյութերի հոսքին: 2 տարի առաջ Գալիումը եւ նրա գործընկերները, նաեւ եւս մեկ գիտական խումբ զուգահեռ հայտնաբերել են, որ FGF21-ի արտադրման հետ կապված գենի անջատումը մկների եւ կապիկների օրգանիզմներում չափազանց հետաքրքիր հետեւանքներ է առաջացրել:

Կենդանիները վերածվել են իսկական քաղցրակերների եւ փաստորեն, անընդհատ քաղցր սնունդ են կերել, նույնիսկ եթե վաղուց կուշտ էին: Այս մկների օրգանիզմ հորմոնի ներարկումը հակառակ հետեւանքն է առաջացրել՝ քաղցր սնունդը նրանց այլեւս չի հետաքրքրել:

Դանիացի կենսաբաններն իրենց նոր հետազոտության ընթացքում վերլուծել են Inter99 նախագծին մասնակցած մոտ 6,5 հազար մարդկանց սննդակարգի տվյալները եւ նրանց ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել FGF21-ի կառուցվածքի հետ համեմատելու համար:

Պարզվել է, որ FGF21-ն իսկապես քաղցրին ձգտումը կառավարում է նաեւ մարդկանց շրջանում: Հետազոտողներին հաջողվել է առանձնացնել այս գենի մեկ տարբերակը՝ rs838133, որի երկու պատճենների առկայությունը ԴՆԹ-ում զգալիորեն մեծացրել է մարդու քաղցրակեր լինելու հավանականությունը:

Գիտնականներն իրենց եզրակացությունը ստուգել են անսովոր փորձի ընթացքում: Նրանք մի քանի «սովորական» մարդկանց եւ քաղցրակերների հրավիրել են «կամքի ուժի» պարզագույն թեստ անցնելու՝ ճաշի մի քանի գդալ շաքարավազ ուտել, այնուհետեւ 12 ժամ սոված մնալ: Այս «հացադուլի» ժամանակ գիտնականները պարբերաբար կամավորների արյան եւ թքի նմուշներ են վերցրել՝ հետեւելով FGF21-ի մակարդակի փոփոխություններին:

Գիտնականները նշում են, որ երկու խմբի մարդկանց մոտ էլ շաքարավազն ուտելու նկատմամբ արձագանքը միանման է եղել՝ նրանց արյան մեջ FGF21-ի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ արձագանքնելով կալորիայի հոսքին: Բայց, մյուս կողմից, փորձի վերջում FGF21-ի խտությունը քաղցր չսիրող մարդկանց արյան մեջ զգալիորեն ավելի բարձր է եղել, քան քաղցրակերների: Համանման տարբերությունները կարող են բացատրել, թե ինչու են վերջինները ավելի շատ շաքար ուտում արդեն կուշտ լինելիս, քան այն մարդիկ, որոնց քաղցրը դուր չի գալիս:

Հետաքրքիր է, որ FGF21-ում այս փոխակերպման առկայությունը ուղեկցվել է 2 այլ արատներով՝ ալկոհոլի եւ ծխախոտի հակվածությամբ: Հետազոտողների կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ FGF21-ը եւ նրա հետ կապված հորմոնները ուղղակիորեն ազդում են մարդու ուղեղի հաճույքի կենտրոնի վրա եւ նրա աշխատանքը փոխում:

 

 



© NEWS.am Medicine