Տվյալներ հնգյակի առողջական վիճակի մասին. ՀՀ ԱՆ (ֆոտո)

17:01   4 մայիսի, 2017

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հանձնարարությամբ`  առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն,  «Մուրացան»  հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը:

Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը`  ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռեւս վաղ է:

Մասնագիտական խումբը հանդիպել է նաեւ նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը:

Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է  նախարարության եւ անձամբ նախարարի ուշադրության ներքո։ Մասնագետների այցերը կլինեն շարունակական։

 



© NEWS.am Medicine