5 տարի հետո կհայտնվեն մարդու սինթետիկ ԴՆԹ-ներ

22:35   8 մայիսի, 2017

Աշխարհի մի քանի գիտական կենտրոնների գիտնականների խումբը հայտարարել է մարդու սինթետիկ ԴՆԹ ստեղծելու մտադրության մասին, որը ձեռքով հավաքվելու է առանձին գեներից, հայտնում է Science ամսագիրը:

Գիտնականներին արդեն հաջողվել է մշակել սինթետիկ բակտերիաներ՝ գեների հավաքածուով, որոնք հավաքվել են լաբորատոր պայմաններում: Աշխատանքը 2 տարի է տեւել, եւ այժմ նրանք պատրաստվում  սինթեզել խմորասնկերի քրոմոսոմային հավաքածու, որի արտադրությունը ավելի բարդ է: Գիտնականների խոսքով՝ մարդու ԴՆԹ-ն էլ ավելի բարդ կազմավորում է, սակայն միջազգային նախաձեռնող խումբը, որի մեջ ընդգրկված են ավելի քան 200 հետազոտողներ, հայտարարել է այսպիսի մոլեկուլի սինթեզի աշխատանքը շուտով մեկնարկելու մասին: Նոր նախագիծը, որը ստացել է Genome Project-write (GP-write) անունը, կպահանջի 100 մլն դոլարի ֆինանսավորում:

Նշենք, որ CRISPR գեների աշխատանքի խմբագրման որոշ տեսակետներ մինչ օրս լուրջ վեճերի տեղիք են տալիս: Մի շարք գիտնականներ մտահոգություն են հայտնում, որ այս ծրագրի հետեւանքը կլինեն արհեստական ԴՆԹ-ով երեխաները, մինչդեռ նացիոնալ-սոցիալիզմի ժամանակներից ընտրասերման էթիկական եւ բարոյական կարգավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում:

Թեեւ, գաղափարի հեղինակների խոսքով, մինչեւ նախագծի իրականացումը առնվազն 4-5 տարի կանցնի: «Մենք բավական ժամանակ կունենանք նման քայլի նպատակահարմարությունը քննարկելու համար: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, եւ յուրաքանչյուրը ցանկանում է լսելի լինել: Մենք անպայման այդ կարծիքները հաշվի կառնենք»,- հայտարարել է նախագծի համակարգողներից մեկը՝ Նյու Յորքի համալսարանի կենսաքիմիկոս Ջեֆ Բրոքը: Բրոքը չի պարզաբանել, թե բարոյական բանավեճերը ինչպես են համադրվելու ծրագրի իրականացմանը:

Գիտնականները հույս ունեն, որ հիմնական աշխատանքին զուգահեռ անցկացվող հետազոտությունները թույլ կտան արտադրությունը հետագայում էժանացնել: Հիմա նուկլեոտիդների բազային մեկ զույգի սինթեզը, որը ԴՆԹ-ի կառուցվածքային նվազագույն միավորն է, 10 ցենտ արժե: Հայտնի է, որ մարդու գենոմում կա մոտ 3 մլրդ նուկլեոտիդային զույգ, այսինքն՝ գեների ամբողջական հավաքածուի սինթեզի համար կպահանջվի 300 մլն դոլար: Ինչպես պնդում են նախագծի համակարգողները, այս գինը 10 անգամ կնվազի, այնպես որ՝ նախագծի վերջնական իրականացման համար կպահանջվի 300 հազար դոլարից ոչ ավելի՝ այսպիսին կլինի իդեալական մարդու արժեքը:



© NEWS.am Medicine