Հորմոնափոխարինող թերապիան մեծացնում է կանանց խլանալու հավանականությունը

15:35   10 մայիսի, 2017

Կանայք, որոնք դաշտանադադարի ախտանիշների մեղմացման համար հորմոնափոխարինող թերապիա են ստանում, խլության առաջացման մեծ վտանգի են ենթարկվում: Այս մասին նշված է North American Menopause Society-ի կատարած հետազոտության մեջ:

Ավելի քան 80 հազար կանանց մասնակցությամբ հետազոտությամբ պարզվել է, որ 5-ից մինչեւ 10 տարի ժամկետով հորմոնափոխարինող թերապիան խլանալու հավանականությունը 15 տոկոսով մեծացնում է: Կանայք, որոնք հորմոններն ավելի երկար են ստացել, ավելի հաճախ են բախվել լսողության ամբողջական կորստին:

Հետազոտության հեղինակները ճշգրիտ չգիտեն, թե ինչու են հորմոնալ դեղամիջոցները լսողության խնդիրներ առաջացնում: Նախորդ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հորմոնափոխարինող թերապիան, հակառակը, լսողությունը պաշտպանում է, քանի որ էստրոգենը դրական է ազդում լսողական ուղիների վրա:

Սակայն գիտնականներն այժմ հայտնաբերել են, որ հորմոնափոխարինող թերապիան կարող է լսողության հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ խլություն առաջացնել: Ըստ որում՝ ուշ դաշտանադադար ունեցող կանայք ավելի հաճախ են տառապել լսողության կորստից: Նրանց դեպքում խլանալու հավանականությունը 10 տոկոսով մեծացել է, եթե դաշտանադադարը սկսվելիս նրանք 50 տարեկանից մեծ են եղել:

Սա առաջին նշանակալի հետազոտությունն է, որն ուսումնասիրել է դաշտանադադարը սկսվելու եւ լսողության կորստի միջեւ կապերը: Հետազոտության հեղինակները չեն ապացուցել, որ հենց հորմոնափոխարինող թերապիան է խլություն առաջացնում, քանի որ նրանց եզրակացությունները դիտողական են: Սակայն կենդանիների մասնակցությամբ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ էստրոգենի եւ պրոգեստերոնի որոշ չափաքանակների նշանակումը լսողության վրա բացասաբար է ազդում:

Հետեւելով 80,972 կանանց առողջությանը, որոնք լսողության վատթարացում են ունեցել, գիտնականները հայտնաբերել են, որ հորմոնափոխարինող թերապիայի տեւական ժամկետը կապված է խլանալու վտանգի հետ: Հենց այս պատճառով կանայք, որոնք խոհրդածում են հորմոնափոխարինող թերապիա ստանալու մասին, պետք է հաշվի առնեն լսողության խանգարման սպառնալիքը՝ նժարին դնելով դաշտանադադարի բուժման այս տարատեսակի բոլոր կողմերը եւ դեմերը:



© NEWS.am Medicine