Տեսականն ու գործնականը համադրելու հնարավորություն. ԵՊՀ ուսանողները պրակտիկա կանցնեն «Ալֆա Ֆարմ»-ի նորաբաց դեղատանը (ֆոտո)

23:15   10 մայիսի, 2017

Երեւանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները հնարավորություն են ստացել աշխատանքային պրակտիկա անցնել՝ չհեռանալով իրենց ուսումնական հաստատությունից։ «Ալֆա Ֆարմ» ընկերությունն այստեղ դեղատուն է բացել, որը համադրելու է բիզնես ու կրթական բաղադրիչներ. ապագա դեղագործներն ու պրովիզորներն այստեղ սովորելու են դեղագործական բիզնեսի նրբությունները՝ ինչպես են գոյանում դեղորայքի գները, ինչպես ներկայացնել դեղամիջոցներն ու կոսմետիկ միջոցները, ինչպես աշխատել հաճախորդների հետ։

«Ալֆա Ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանն ու Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Ալֆա Ֆարմ» ընկերությունն աջակցելու է Ֆարմացիայի ինստիտուտին։ Չնայած նման աջակցություն ընկերությունը մինչ այդ էլ էր ցուցաբերում. այստեղ արդեն գործում է «Ալֆա Ֆարմի» կողմից ֆինանսավորվող ֆարմակոգնոզիայի լաբորատորիա, որտեղ ուսանողներն ուսումնասիրում են բուսական դեղահումքի հատկանիշները։

«Ալֆա Ֆարմ»-ի տնօրեն Միքայել Մացակյանը պարզաբանեց, որ ուսանողները տեսությունը սովորելուն զուգահեռ այս դեղատանը պրակտիկա են անցնելու, ինչի արդյունքում այդ ուսանողները բուհն ավարտելուց հետո մասնագիտական հմտություններով մուտք կգործեն  աշխատանքային շուկա։

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի խոսքով, ամեն օր երկու ուսանողներ հիմնական աշխատակիցների հետ կաշխատեն այս դեղատանը եւ գործնական հմտություններ ձեռք կբերեն։ Դեղատանը, ըստ «Ալֆա Ֆարմ» դեղատնային ցանցի տնօրեն Սամվել Շիլաջյանի, շուտով կգործի նաեւ դեղամիջոցների պատրաստման բաժին։ Ուսանողները կսովորեն նաեւ բժշկի դեղատոմսերով դեղորայք պատրաստել։

«Ալֆա Ֆարմ» ցանցի ավանդույթներին համապատասխան՝ նոր դեղատունն ուսանողներին եւ ինստիտուտի աշխատակիցներին բոնուս քարտեր տրամադրեց։

«Ալֆա Ֆարմ»-ի նոր դեղատան առաջին գնորդն էլ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն էր։

[gallery id=97]



© NEWS.am Medicine