Աշխարհի ամենագեր տղամարդուն վիրահատել են (ֆոտո)

15:08   11 մայիսի, 2017

Աշխարհի ամենագեր տղամարդուն՝ Խուան Պեդրո Ֆրանկոյին, ով 595 կգ է կշռում, Մեքսիկայում հաջողությամբ վիրահատել են: Նրան ստամոքսի շունտավորում են կատարել, հայտնում է Agence France Presse-ը:

Նախկինում բժիշկները չէին համաձայնում նրան վիրահատել. առաջին՝ չափազանց մեծ քաշի, երկրորդ՝ արյան շատ բարձր ճնշման եւ դիաբետի պատճառով, որոնք անհրաժեշտ էր վերահսկողության ներքո պահել մինչեւ բարիատրիկ վիրաբույժների միջամտությունը: Խուան Պեդրոն 7 տարի շարունակ գամված էր մահճակալին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խուան Պեդրոն որոշել է իր կյանքն արմատապես փոխել, երբ այլեւս ֆիզիկապես չի կարողացել կիթառ նվագել: Արդյունքում՝ նա սկսել է խիստ սննդակարգի հետեւել եւ ազատվել է 170 կգ-ից:

Հիվանդը ենթարկվել է միջանկյալ ստամոքսային անաստոմոզի միջամտության, որի ժամանակ ստամոքսը 2 մասի է բաժանվում, եւ դրանցից մեկից սնունդի «գրպան» է ստեղծվում: Նման միջամտությունից հետո հիվանդը քաղցն այնքան էլ սաստիկ չի զգում, եւ նրա ստամոքսում ուտելիքն ավելի երկար է մարսվում: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն բժիշկները դեռեւս հետագա կանխատեսումներ չեն անում:

Եթե վերականգնումն ընթանա ծրագրածին համապատասխան, Խուան Պեդրո Ֆրանկոն նոյեմբերին դարձյալ վիրահատական սեղանին կհայտնվի՝ կփոքրացնեն նրա ստամոքսի չափը, կկատարվի նաեւ աղիների վիրահատություն:

2016 թվականին մահացել է մեքսիկացի Մանուել Ուրիբեն, որը 2007 թվականին համարվում էր աշխարհում ամենագեր մարդը՝ այդ ժամանակ նա 597 կգ էր կշռում: Սննդակարգը եւ բժիշկների օգնությունը նրան թույլ են տվել 2008 թվականին 360 կգ-ով նիհարել: Մահանալիս նա կշռել է 394 կգ:



© NEWS.am Medicine