Ինչպե՞ս կանխել սրտային անբավարարության առաջացումը

18:07   12 մայիսի, 2017

Սրտային անբավարարությունն առաջանում է, որպես կանոն, սրտի ծանրաբեռնվածության (զարկերակային հիպերտոնիայի, սրտի արատների հետեւանքով) կամ սիրտ-անոթային որոշ հիվանդությունների պատճառով սրտի արյան մատակարարման խանգարումների արդյունքում: Սրտային անբավարարության ժամանակ օրգանների եւ հյուսվածքների արյան մատակարարումը վատթարանում է, ինչը կարող է մի շարք լուրջ խնդիրներ առաջացնել:

Ինչպե՞ս կանխել սրտային անբավարարության առաջացումը: Եվ ի՞նչ է պետք անել, եթե այն, այնուամենայնիվ, ախտորոշվել է: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց Սրտաբանության ուկրաինական ազգային կենտրոնի սրտաբան Լեոնիդ Վորոնկովի հետ:

1. Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելում

Քանի որ սրտային անբավարարությունը բավականին հաճախ առաջանում է սիրտ-անոթային այլ հիվանդությունների ֆոնին, կարեւոր է վերջինների առաջացման կանխումը, որպեսզի սիրտը առողջ պահպանվի: Մասնագետը նշեց, որ այս նպատակով անհրաժեշտ է վերահսկողության ներքո պահել զարկերակային ճնշումը, խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, չծխել, չմոռանալ չափավոր ֆիզիկական ակտիվության մասին: Պակաս կարեւոր չէ նաեւ սթրեսից ազատվելու ունակությունը, որպեսզի այն առողջությունը չվնասի:

2. Առկա հիվանդությունների բուժում

Եթե արդեն իսկ տառապում եք հիպերտոնիայով կամ սրտի հիվանդությամբ, դրանք չպետք է անտեսել. հետեւեք ձեր բժշկի բոլոր հրահանգներին, ընդունեք նշանակված դեղերը, որ հիվանդությունը վերահսկողության ներքո պահեք: Սա կօգնի ձեր վիճակի վատթարացումը եւ սրտային անբավարարության առաջացումը կանխելուն:

3. Սրտային անբավարարության բուժում

Եթե ձեր մոտ սրտային անբավարարությունն արդեն ախտորոշվել է, հիշեք, որ սա մահվան դատավճիռ չէ: Եթե խնդիրն առաջացել է սիրտ-անոթային այլ հիվանդության հետեւանքով, շատ կարեւոր է այն բուժելը կամ շտկելը:

Մասնագետը նշեց, որ բուժման ժամանակակից դեղորայքային, սարքավորումային եւ վիրաբուժական մեթոդները շատ արդյունավետ են, որոնց շնորհիվ սրտային անբավարարությամբ հիվանդները կարող են մինչեւ 10 եւ ավելի տարի ապրել, ըստ որում՝ նրանց կյանքի որակը նույնպես բավականին բարձր մակարդակ կունենա:



© NEWS.am Medicine