D վիտամինը պաշտպանում է վաղ դաշտանադադարից. գիտնականներ

22:13   13 մայիսի, 2017

D վիտամինով հագեցած սննդակարգը 17 տոկոսով նվազեցնում է ժամանակից շուտ դաշտանադադարի սկսվելը: Այս մասին նշված է American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս վիտամինը դանդաղեցնում է կնոջ ձվարանների ծերանալը: Կալցիումով հարուստ սննդամթերքը նույնպես 13 տոկոսով նվազեցնում է վաղաժամ դաշտանադադարի հավանականությունը: Նշենք, որ ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր 10-րդ կնոջ մոտ դաշտանադադարը սկսվում է դեռեւս մինչ 45 տարեկան դառնալը: Սա մեծացնում է նրանց շրջանում օստեոպորոզի եւ սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը, նաեւ էապես նվազեցնում է բեղմնավորվելու հավանականությունը մինչ այդ ընկած տարիներին:

Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականների 20 տարի տեւած հետազոտությունն ընդգրկել է 116,430 կանանց: Գիտնականները դիտարկումների ամբողջ ընթացքում մանրամասն գրանցել են հետազոտության մասնակիցների սննդակարգը: Այս ընթացքում 2041 կանանց մոտ դաշտանադադար է սկսվել: Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ավելի մեծ  քանակով են D վիտամինն օգտագործել, ժամանակից շուտ դաշտանադադար սկսվելու հավանականությունը 17 տոկոսով նվազել է, իսկ սննդակարգում կալցիումի մեծ քանակի առկայությունը այս վտանգը նվազեցրել է 13 տոկոսով: Գիտնականները կալցիումի օգուտը պայպանավորում են կովի կաթում սեռական հորմոնների առկայությամբ, որոնք դաշտանադադարը դանդաղեցնում են:

Հետազոտության եզրակացությունները կատարվել են ըստ վտանգի այլ գործոնների շտկելով, ինչպիսին են մասնակիցների քաշը եւ կրծքով կերակրելու պատմությունը: Հետազոտողներն ընդգծել են, որ կանայք, որոնց մոտ դաշտանադադարը սկսվում է 43 տարեկանում, արդեն 33 տարեկանում բախվում են հղիանալու դժվարություններին: Այս պատճառով գիտությունն ակտիվորեն որոնում է վաղաժամ դաշտանադադարի հավանականության նվազեցման մեթոդները, եւ այնպիսի գործոնն, ինչպիսին ճիշտ սնվելն է, որը հեշտ է շտկել, կարող է դրական ազդեցություն ունենալ:



© NEWS.am Medicine