Մահացել է նաեւ հնգյակի տղան. փոքրիկ Արայի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է

13:40   14 մայիսի, 2017

Օրերս Երեւանում ծնված հնգյակի տղան, որը «Մուրացան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, մահացել է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:

Նրա խոսքով՝ Արա անվանակոչված փոքրիկի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է:

Աննայի եւ Ռոզիի վիճակը, որոնք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ու Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունքներում են, դեռեւս կայուն ծանր է: Երկու աղջիներն այժմ ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխության, սակայն նրանք շարունակում են թթվածին ստանալ CPAP թերապիայի միջոցով:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ծնվել է մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հնգյակի աղջիկներից մեկը, որն «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում էր, մահացել է: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը «Մուրացան» ԲԿ-ում էր:

 



© NEWS.am Medicine