Մայիսի 12-ին Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ եւ մեկ տղա:
Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ երեխաների մայրը՝ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի բնակչուհի Հերմինե Տերտերյանը, բուժկենտրոն է տեղափոխվել մայիսի 9-ին, վաղաժամ ծննդաբերության վտանգի առկայությամբ: Մայիսի 12-ին ստիպված են եղել կեսարյան հատում անել: Երեխաները ծնվել են հղիության 30-րդ շաբաթում, շատ փոքր քաշով. աղջիկները՝ 1300 եւ 1500, տղան՝ 1700 գրամ:
Հիմա երեխաները բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են, եւ բժիշկները, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, օր ու գիշեր պայքարում են նրանց կյանքի համար:
NEWS.am Medicine-ի տվյալներով՝ եռյակը բեղմնավորվել է բնական ճանապարհով՝ առանց արտամարմնային բեղմնավորման կամ այլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնության: