Դեպրեսիայի եւ ճարպակալման միջեւ կապը կենսաբանական պատճառներ ունի. հետազոտություն

13:52   15 մայիսի, 2017

Դեպրեսիայի եւ սրտի խնդիրներ առաջացնող վտանգի գործոնների միջեւ կախվածությունը պայմանավորված է ավելի շուտ կենսաբանական, քան վարքի պատճառներով: Նման եզրակացության են հանգել Ռայսի համալսարանի (Rice University) գիտնականները:

Գիտնականները հետազոտել են, թե դեպրեսիան ինչպես է կապված ճարպակալման եւ մետաբոլիկ համախտանիշի առաջացման մեծ հավանականության հետ, որոնք, իրենց հերթին, կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջացնել: Դիանա Չիրինոսը եւ Քրիս Ֆագունդեսն ուսումնասիրել են 1085 հիվանդների ֆիզիկական եւ հոգեկան առողջության տվյալները, որոնց 56 տոկոսը կին է եղել:

Հետազոտությանը մասնակցած նույնիսկ այն կանայք, որոնց մոտ դեպրեսիայի չափավոր ախտանիշներ են դիտվել, օրինակ՝ էներգիայի պակաս եւ քնի հետ կապված խնդիրներ, եւ պաշտոնական ախտորոշում չեն ունեցել, 36 տոկոսով ավելի հաճախ են ճարպակալմամբ տառապել: Այն հիվանդների շրջանում, ում մոտ միջին ինտենսիվության ախտանիշներ են դիտվել, որոնք համապատասխանում են կլինիկական դեպրեսիա բնորոշմանը, ճարպակալում է դիտվել 49 տոկոսով ավելի հաճախ, իսկ մետաբոլիկ համախտանիշը՝ 57 տոկոսով:

Հետազոտողները 2 վարկած են առաջադրել, թե որոնք կարող են լինել նման կապի առաջացման պատճառները՝ վարքի եւ կենսաբանական: Նրանք որոշել են, որ երկրորդ վարկածն ավելի հավաստի է, քանի որ մասնակիցների արյան նմուշների անալիզով պարզվել է, որ դեպրեսիան օրգանիզմի իմունային պատասխան է առաջացնում: Դեպրեսիայով եւ ճարպակալմամբ կամ մետաբոլիկ համախտանիշով տառապող հիվանդների արյան մեջ բորբոքման մակարդակը ավելի բարձր է եղել:



© NEWS.am Medicine