Դեղատներին տուգանելը կբարձրացնի մեծածախ ընկերությունների զգոնությունը. փոխնախարար

22:23   17 մայիսի, 2017

Առաջին վարչական վարույթները հարուցվել են մի շարք դեղատների դեմ, եւ նրանք տուգանվել են, քանի որ նրանց մոտ չգրանցված դեղեր են հայտնաբերվել, որոնք Հայաստան են ներկրվել գործող կարգի շրջանցմամբ: Աղվերանում կայացած դեղերին նվիրված սեմինարի ժամանակ այս մասին հայտնեց Առողջապահության պետական տեսչության աշխատակից Վահե Մինասյանը՝ ի պատասխան այն հարցին, թե տեսչությունն ինչո՞ւ է դեղատներին պատժել, որոնք այդ դեղերը ձեռք են բերել ներմուծողներից հաշիվ-ապրանքագրերով, այլ ոչ թե ներմուծողներին, եթե տեսչությունը պնդում է, որ ապօրինի ներմուծում է կատարվել: Նաեւ՝ դեղատների աշխատակիցները տեխնիկապես ինչպե՞ս պետք է ստուգեն այդ դեղերը գրանցված են, թե ոչ, եթե օրական մի քանի հարյուր անուն դեղ են ստանում:

Վահե Մինասյանը նշեց, որ տուգանված դեղատների թվում կան նաեւ ներմուծող ընկերություններին պատկանղ դեղատներ, այնպես որ՝ այս կազմակերպությունները եւս ինչ-որ չափով պատժվել են: Տեսչության աշխատակցի խոսքով՝ վարչական վարույթներին զուգահեռ տեսչությունը վերլուծություն է կատարել եւ առաջարկներ ներկայացրել: Մասնավորապես՝ դեղատներին առաջարկվում է դեղերի վրայի վերահսկիչ դրոշմապիտակները ստուգել բջջային հատուկ հավելվածի միջոցով: Ցավոք, ինչպես նշեց Վահե Մինասյանը, այսօր, դրոշմապիտակի առկայությունը դեռեւս չի նշանակում, որ դեղը Հայաստան է բերվել Առողջապահության նախարարության թույլտվությամբ: Այս հարցը ներկայումս քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ դրոշմապիտակներ չի տրվում ներմուծող կազմակերպություններին ներմուծվող յուրաքանչյուր խմբաքանակի համար: «Նրանք համարակալած դրոշմապիտակների որոշակի քանակ ունեն, որը ներմուծելիս սոսնձում են դեղի վրա»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ առաջին ստուգումների ընթացքում խնդիրներ են հայտնաբերվել, որոնք լիարժեք կարգավորում են պահանջում: «Ոչ մեկը չի հավակնում ասելու, որ մեզ մոտ առկա է բացարձակ ճիշտ եւ միանշանակ կարգավորում: Եվ հիմա մենք փորձում ենք այս հարցը կարգավորել նաեւ դրոշմապիտակների միջոցով: Սակայն ես համաձայն եմ, որ մեղավորը փոքր դեղատունը չէ, որն այդ դեղը վերցրել է, այլ նա, ով այն շրջանառության մեջ է դրել»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նուրբ հարց է, քանի որ օրենքի համաձայն դեղատունը եւս սրա համար պատասխանատու է: «Եթե ասում ենք, որ մենք պետք է աղբյուրը գտնենք, դա երկու բան է նշանակում: Հնարավոր է՝ այդ դեղատան սեփականատերն ինքն է ճամպրուկով այս դեղերը բերել, եւ նա պետք է պատժվի: Սակայն եթե նա դեղեր է վաճառում, որոնք մեծածախից է գնել, ապա նշանակում է նրանց բիզնես հարաբերություններում պետք է շեշտադրումները փոխել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ օրենքի շրջանակում, եթե դեղատներում հետագայում եւս չգրանցված դեղեր հայտնաբերվեն, նրանք դարձյալ կտուգանվեն: «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ կբարձրանա մեծածախ ընկերությունների զգոնությունը, եւ նրանք փոքր դեղատների առջեւ պատասխանատվություն կկրեն մատակարարած դեղերի համար: Եվ ես կարծում եմ, որ այս խնդիրն աստիճանաբար կվերանա: Իսկ եթե մնա, եւ շեշտադրումները փոխելու համար օրենքի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանա, մենք դա կքննարկենք»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Առողջապահության պետական տեսչությունը 45 կազմակերպություններում ստուգումներ է անցկացրել: Առողջապահության նախարարության տեղեկանքի համաձայն՝ ստուգումների արդյունքում Հայաստանում չգրանցված 196 անուն դեղ է հայտնաբերվել: 47 տնօրեններ տուգանվել են ընդհանուր 6,780,000 դրամի տուգանքով: 2017 թվականի փետրվարի 10-ի տվյալներով՝ այս գումարից վճարվել է 600 հազար դրամ: Դեղատներից շատերը հիմա տուգանքի որոշումները վիճարկում են դատարանում: Դեղատների սեփականատերերը չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է տուգանք վճարեն դեղերի համար, որոնք օրինական հիմունքներով ձեռք են բերել ներմուծողներից: Ներմուծողներն, իրենց հերթին, պնդում են, որ այդ դեղերը չգրանցված չեն, քանի որ կան դեղերի պետական գրանցամատյանում:



© NEWS.am Medicine