ԱՄՆ-ում դեռահասը մահացել է կոֆեինով ըմպելիքի պատճառով

20:56   16 մայիսի, 2017

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգից 16-ամյա դեռահասը մահացել է կոֆեինի գերչափաքանակից. հետմահու փորձաքննությամբ պարզվել է, որ կարճ ժամանակահատվածում նա կոֆեինի բարձր պարունակությամբ մի քանի ըմպելիք է օգտագործել:

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլին. Դեւիս Քրիփը դասի ժամանակ հանկարծակի գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Պարզվել է, որ մահվանից առաջ նա «Մաքդոնալդս»-ում լատե է խմել, ոչ ալկոհոլային Mountain Dew մեծ չափի շշով ըմպելիք եւ ինչ-որ էներգետիկ: Երեք ըմպելիքն էլ օգտագործել է ընդամենը 2 ժամում:

Փորձագետները մահվան պատճառը համարել են «կոֆեինի առաջացրած կարդիալ վիճակը, որը հավանաբար առիթմիա է առաջացրել»:

Կորոնար մասնագետ Հարրի Ուոթսը նշել է, որ տղան նախկինում սրտի հիվանդություններ չի ունեցել, եւ չնայած 16 տարեկանում Դեւսը 90 կգ էր կշռում, նա հաշվառված չէր որպես ճարպակալմամբ տառապող:

«Սա կոֆեինի գերչափաքանակ չէ: Հարցը օրգանիզմում կոֆեինի քանակը չէ, այլ այն, որ դեռահասը այն օգտագործել է կարճ ժամանակահատվածում, իսկ էներգետիկը դարձել է վերջին կաթիլը, որը սրտի առիթմիա է առաջացրել»,- ասել է Ուոթսը:

Հավանաբար կոֆեինը չէին համարի դեռահասի մահվան պատճառներից մեկը, եթե ճշգրիտ հայտնի լիներ, թե նա մինչեւ մահը հատկապես ինչ էներգետիկ է խմել, ասել է Ուոթսը: Գլխավոր վկան չի կարողացել ասել էներգետիկ խմիչքի անվանումը՝ միայն հայտնելով, որ տարան մեծ տարողություն ուներ:

«Մենք հանդես չենք գալիս կոֆեինի ամբողջական արգելքի օգտին, սակայն մարդիկ պետք է հետեւեն դրա օգտագործմանն այնպես, ինչպես ալկոհոլի կամ ծխախոտի դեպքում»,- ասել է մասնագետը:

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան զգուշացնում է, որ էներգետիկ ըմպելիքների բաղադրամասերը երեխաների վրա չեն թեստավորվել, եւ «ոչ մեկը չի կարող երաշխավորել երեխաների համար դրանց անվտանգությունը»: Ավելին՝ մասնագետներից շատերն ասում են, որ էներգետիկները կողմնակի էֆեկտներ են ունենում, որոնց թվում՝ առիթմիա եւ զարկերակային ճնշման կտրուկ բարձարացում:

Էներգետիկ ըմպելիքների մեծ մասի մեկ չափաբաժինը պարունակում է երեք գավաթ սուրճին համարժեք կոֆեինի չափաքանակ, նաեւ 14 թեյի գդալին համարժեք շաքար, հիշեցնում է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան:

Ենթադրաբար Դեւիս Քրիփը ընդամենը 2 ժամում մոտ 470 մգ կոֆեին է օգտագործել: Ըստ caffeineinformer.com կայքի տեղեկությունների՝ «Մաքդոնալդս»-ի մեկ լատեն 142 մգ կոֆեին է պարունակում, Mountain Dew գազավորված ըմպելիքի կես լիտրանոց շիշը՝ 90 մգ, իսկ էներգետիկի մեծ տարան՝ մինչեւ 240 մգ:

Նշենք, որ Մինեսոթայի Մեյոյի կլինիկայի գիտնականները մեծահասակ առողջ մարդկանց մեծ մասի համար օրական անվտանգ չափաքանակ են համարում կոֆեինի 400 մգ-ը: 2015 թվականին Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ օրական 400 մգ-ից ավելի կոֆեինի օգտագործումը կարող է առաջացնել տախիկարդիա, արյան բարձր ճնշում, առիթմիա, թրեմոր, նեւրոզ, անքնություն եւ խուճապային գրոհներ:



© NEWS.am Medicine