Լոլիկը կարող է օգնել ստամոքսի քաղցկեղի բուժմանը. գիտնականներ

13:14   17 մայիսի, 2017

Լոլիկում առկա նյութերը խոչընդոտում են չարորակ բջիջների աճին, այդ պատճառով լոլիկը կարող է օգնել ստամոքսի քաղցկեղի բուժման հարցում: Այս մասին հաղորդել են Իտալիայի Oncology Research Center of Mercogliano-ի գիտնականները:

Նախկինում մասնագետները ենթադրում էին, որ լոլիկի մեջ առկա միայն մեկ բաղադրիչ՝ լիկոպինը հակաքաղցկեղային ազդեցություն ունի, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամբողջական լոլիկի օգտագործումը հակաուռուցքային արդյունք ունի, հետեւաբար՝ քաղցկեղի դեմ պայքարին օգնում են լոլիկի մեջ պարունակվող շատ այլ նյութերը եւս, այլ ոչ թե միայն լիկոպինը:

«Լոլիկի էֆեկտը չի որոշվում միայն լիկոպինի նման որեւէ մեկ յուրահատուկ բաղադրիչով, լոլիկը պետք է ուտել ամբողջությամբ,- ընդգծել են հետազոտության հեղինակները: - Մեր ստացած տվյալները թույլ են տալիս խոսել ոչ միայն քաղցկեղի կանխարգելման համար լոլիկի յուրահատուկ նուտրիենտների պոտենցիալ օգտագործման մասին, այլեւ որպես ստամոքսի ուռուցքների բուժման ռազմավարության աջակցություն՝ ավանդական թերապիայի հետ միասին»:

Journal of Cellular Physiology ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները ամբողջական լոլիկի մզվածքը հետազոտել են ստամոքսի ուռուցքների զանազան դրսեւորումների դեմ պայքարի մեջ: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ այն ազդում է քաղցկեղային բջիջների զարգացման եւ հիվանդներին մահվան հասցնելու ունակության վրա: Չնայած ստամոքսի քաղցկեղն այնքան էլ տարածված չէ, այն ամենամահաբեր օնկոլոգիական հիվանդություններից մեկն է: Ստամոքսի քաղցկեղի դեպքում ողջ մնալու հավանականությունը որոշվում ըստ փուլի, երբ հիվանդությունն ախտորոշվել է: Հիվանդության 3-րդ կամ 4-րդ փուլում ախտորոշումը չափազանց անբարենպաստ է: Դրանից բացի, ստամոքսի ուռուցքները հիվանդների կյանքի որակն էապես վատթարացնում են նույնիսկ վիրաբուժական ճանապարհով հեռացնելուց հետո:



© NEWS.am Medicine