2017 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանում ծնելիությունը 6,5 տոկոսով նվազել է. վիճծառայություն

14:30   17 մայիսի, 2017

2017 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանում ծնվել է 8534 երեխա, մինչդեռ անցյալ տարվա նույն եռամսյակում 9125 երեխա էր ծնվել՝ 6,5 տոկոսով ավելի, քան այս տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրում ծնելիությունը, ընդհանուր առմամբ, անկում ունի, եւ սա, նրա կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմա վերարտադրողական տարիք են մտել նրանք, ովքեր ծնվել են 90-ական թվականներին եւ 2000-ականների սկզբին, երբ ծնելիությունը շատ ցածր էր:

2001 թվականին երկրում գրանցվել է ծնունդների ռեկորդային փոքր քանակ՝ ընդամենը 32 հազար երեխա: Հետո ծնելիությունը սկսել է աստիճանաբար աճել եւ 2012-2013 թվականներին կազմել է 43-44 հազար: 2014 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, երկրում ծնվել է 43,031 երեխա, 2016 թվականին՝ 40,592:

Դրա հետ մեկտեղ, երկրում նվազում է նաեւ սելեկտիվ աբորտների թիվը, իսկ ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը նորմային մի փոքր մոտեցել է: Կարինե Կույումջյանի խոսքով՝ 1993 թվականից 2000 թվականը Հայաստանում 100 աղջկա դիմաց 120 տղա էր ծնվում: Վերջին տարիների ընթացքում տղաների թիվը նվազել է մինչեւ 113-114, իսկ անցյալ տարի 100 աղջկա դիմաց արդեն 112 տղա է ծնվել: Նշենք, որ նորմայի դեպքում 100 աղջկա դիմաց 102-106 տղա է ծնվում:



© NEWS.am Medicine