Շոգ եղանակին գեստացիոն դիաբետի զարգացման վտանգը բարձրանում է. գիտնականներ

11:55   18 մայիսի, 2017

Շոգ եղանակին հղի կանանց մոտ զգալիորեն բարձրանում է գեստացիոն դիաբետի զարգացման վտանգը։ Այս մասին հայտնում են Սուրբ Միքայելի հիվանդանոցի գիտնականները, որոնք հետազոտության շրջանակում վերլուծել են 2002-2014 թվականներին Կանադայում բնակված 396.828 կանանց 555.911 ծննդաբերությունների մասին տվյալները։

Գիտնականները պարզել են, որ այն մասնակիցները, որոնք ենթարկվել են 24 աստիճան եւ ավելի բարձր ջերմաստիճանի ներգործությանը, ավելի հաճախ էին տառապում գեստացիոն դիաբետից (հղիների շաքարային դիաբետ)։ Ընդ որում ցուրտ եղանակը (-10 ըստ Ցելսիուսի եւ ավելի ցածր) նվազեցնում էր հղիների մոտ այդ հիվանդության զարգացման հավանականությունը։

Այն մասնակիցների մոտ, որոնց հղիությունն անցել է սառը եղանակին, գեստացիոն դիաբետի վտանգը կազմում էր 4.6 տոկոս։ Իսկ այն կանանց մոտ, ովքեր հղի են եղել շոգ եղանակին, վտանգը 7.7 տոկոսով բարձր էր։ Յուրաքանչյուր 10 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումից հղիների շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն աճում է 6-9 տոկոսով։

Սառը կլիմայով երկրներում ծննդաբերած կանանց շրջանում դիաբետի տարածվածությունը, հղիության ընթացքում ցածր ջերմաստիճանի ներգործության դեպքում կազմում էր 3.6 տոկոս, իսկ բարձր ջերմաստիճանի ներգործության դեպքում՝ 6.3։

Գիտնականների խոսքով, ըստ ամենայնի, ցուրտ եղանակը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը՝ օրգանիզմում ակտիվացնելով շագանակագույն ճարպը։ Ճարպային կուտակումների այդ տեսակը պատասխանատու է ջերմության արտադրման ու էներգիա պաշարող սովորական (սպիտակ) ճարպի պաշարների վերամշակման համար։



© NEWS.am Medicine