«Գեր եւ առողջ» մարդիկ չեն լինում. գիտնականներ

23:48   18 մայիսի, 2017

Կարծիքը, թե մարդիկ կարող են ավելորդ քաշ ունենալ եւ դրա հետ մեկտեղ լիովին առողջ մնալ, սխալ է, պնդում են Բիրմինգեմի համալսարանի գիտնականները:

Առասպելի համաձայն՝ «գեր, բայց առողջ» ավելորդ քաշ ունեցող մարդը առողջ է համարվում, եթե նրա մետաբոլիկ բոլոր ցուցանիշները, մասնավորապես՝ արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի շրջանակում են:

Պարզելու համար, թե այս առասպելը որքանով է համապատսխանում իրականությանը, գիտնականները 1995-ից 2015 թվականների ժամանակահատվածում վերլուծել են 3,5 մլն մարդկանց տվյալները: Հետազոտության համար նրանք օգտագործել են ճարպակալմամբ տառապող (մարմնի զանգվածի 30-ից բարձր ինդեքսով) մարդկանց տվյալները, որոնք նախապես ո՛չ սրտի հիվանդություններ են ունեցել, ո՛չ բարձր ճնշում, ո՛չ խոլեստերինի բարձր մակարդակ:

Հետազոտության արդյունքում գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ նույնիսկ այս մարդիկ, որոնք նախապես մետաբոլիկ շեղումներ չեն ունեցել, որոշ ժամանակ անց սրտի հիվանդություններին ավելի են հակված եղել, քան նորմալ քաշով մարդիկ:

«Ավելորդ քաշի առկայությունն ինքնին ձեզ ենթարկում է սրտի տագնապ կամ կաթված ստանալու մեծ վտանգին»,- նշել է Բրիտանական սրտաբանական ասոցիացիայից Մայք Նեփթոնը

Բիրմինգեմի համալսարանից դոկտոր Ռիշի Քալեյաչեթիի կարծիքով՝ բժիշկները պետք է գեր մարդկանց խորհուրդ տան քաշը պակասեցնել անկախ մետաբոլիկ շեղումների առկայությունից կամ բացակայությունից:

Այս հետազոտության արդյունքները գիտական ամսագրում դեռեւս չեն հրապարակվել, այդ պատճառով մյուս մասնագետները առայժմ չեն կարող գնահատել, թե գիտական տեսանկյունից որքանով է այն ստույգ:

Նախկինում հետազոտություններ են հրապարակվել, որոնց հեղինակները պնդել են, որ ճարպակալմամբ տառապող մարդիկ կարող են լավ վիճակում մնալ, եթե «ճիշտ գեներ» ունեն: Այսպիսի հետազոտություններից մեկը հրապարակվել է 2012 թվականին՝ European Heart Journal-ում:

Ավելի վաղ կատարված որոշ հետազոտություններում նաեւ նշվել է, որ մարդու առողջական վիճակը կարող է կախված լինել ոչ այնքան ավելորդ քաշի առկայությունից, որքան մարմնում դրա բաշխումից: Օրինակ՝ փորի շրջանում ավելորդ քաշի տեղակայումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ամբողջ մարմնում հավասարաչափ բաշխումը:



© NEWS.am Medicine