Հայաստանում կանայք սկսել են ուշ ծննդաբերել

20:21   18 մայիսի, 2017

Վերջին 10 տարիներին կանայք Հայաստանում սկսել են ուշ ծննդաբերել, այդ թվում՝ առաջնեկներին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե 2005 թվականին ծնված երեխաների 75 տոկոսի մայրերը 20-29 տարեկան էին, ապա արդեն 2015-ին այդ ցուցանիշը 70 տոկոս է եղել:

2005 թվականին, մասնագետի խոսքով, 30 տարեկանն անց կանանց բաժին էր ընկնում նորածինների միայն 13 տոկոսը, իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը գրեթե կրկնակի մեծացել է. հիմա արդեն 30 եւ ավելի տարեկան կանանց բաժին է ընկնում նորածինների 25 տոկոսը:

Նշենք, որ ծննաբերող կանանց միջին տարիքը մեծանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի զարգացած եւ զարգացող երկրների մեծ մասում: Այսպես՝ 2013 թվականին ԵՄ երկրներում բնակվող կանանց 51.2 տոկոսն առաջին երեխային լույս աշխարհ է բերել 20-29 տարեկանում, իսկ 40.6 տոկոսը՝ 30-39 տարեկանում: Միաժամանակ, ԵՄ երկրներում առաջին երեխային լույս աշխարհ բերող կանանց միջին տարիքը 28.7 տարեկանն է:

Նկատենք նաեւ, որ տարածված կարծիքի համաձայն՝ ուշ տարիքում ծննդաբերությունը մի շարք վտանգներ է պարունակում երեխայի առողջության համար: Մեծահասակ մայրերը, ի տարբերություն երիտասարդների, ավելի հաճախ են Դաունի սինդրոմով եւ մի շարք այլ գենետիկ հիվանդություններով երեխաների լույս աշխարհ բերում:

Մյուս կողմից՝ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ մեծահասակ ծնողների երեխաներն ավելի առողջ են լինում, քան երիտասարդներինը: Բանն այն է, որ մեծահասակ ծնողներն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում երեխայի խնամքին, նրանց ավելի շատ գիտելիքներ են տալիս, արագորեն են կարեւոր որոշումներ կայացնում: Բացի այդ՝ նրանք, որպես կանոն, բավարար ֆինանսական միջոցներ են ունենում, ինչը թույլ է տալիս բավարարել երեխայի բոլոր կարիքները:



© NEWS.am Medicine