ԱՄՆ-ում հայտնաբերել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն սուպերբակտերիաների նոր շտամ

22:31   19 մայիսի, 2017

Գիտնականները Հյուսթոնի (ԱՄՆ) բժշկական հաստատությունների հիվանդների մոտ հայտնաբերել են գիտական աշխարհին անհայտ սուպերբակտերիաների շտամ, որոնք կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ: Պնեւմոկոկերի նոր՝ CG307 շտամը մասնագետները գտել են հյուսթոնյան կլինիկաների յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ:

Սուպերբակտերիայի շտամի գենոմը նկարագրված է mBio գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Հյուսթոնի Մեթոդիստական հիվանդանոցից Ջեյմս Մուսերը նշել է, որ սուպերբակտերիաների նոր շտամի հայտնաբերումը եւ քաղաքի բնակչության շրջանում նրա տարածվածությունը չափից ավելի անսպասելի է: Պնեւմոկոկը բավականին տարածված բակտերիա է, որը կարող է մարդու մոտ ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնել, այդ պատճառով գիտնականները պետք է  կարճ ժամանակում հասկանան՝ ինչպես պայքարեն դրա նոր շտամի հակաբիոտիկների նկատմամբ արտակարգ ռեզիստենտության դեմ, պատվաստանյութեր, ինֆեկցիաների բուժման եւ ախտորոշման միջոցներ ստեղծեն:

Մուսերը եւ նրա թիմը հետազոտել են Klebsiella pneumoniae-ի ավելի քան 1700 շտամների գենոմները, որոնք վերջին 4 տարում գտնվել են Թեխասի բժշկական հաստատություններում: Պարզվել է, որ Հյուսթոնի բուժհաստատությունների գրեթե յուրաքանչյուր երրորդ հիվանդը պնեւմոկոկերի շտամի կրող է: Մինչ օրս չհետազոտված CG307 շտամը կարողանում է հատուկ ֆերմենտներ սինթեզել, որոնք դիմակայում են նույնիսկ «վերջին հույս» համարվող դեղամիջոցներին:

2015 թվականին այն հայտնաբերվել է Թեխասի հիվանդանոցներում, ըստ որում՝ հիվանդանոցային մանրէների մյուս պոպուլյացիաների շարքում նրա պոպուլյացիան աճում է: CG307-ի ԴՆԹ-ի եւ սպիտակուցների անալիզով պարզվել է, որ այս ֆերմենտները կարող են «վնասազերծել» կարբապենեմների կարգի առավել հզոր հակաբիոտիկների մոլեկուլները: Արտադրվող ֆերմենտների շնորհիվ նոր շտամը խոցելի չէ ժամանակակից դեղերի ազդեցության համար: Գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ CG307 շտամը փոխառել է աղիքային եւ  ժանտախտի ցուպիկների գեները, որի շնորհիվ այն վարակում է կաթնասուններին այնպես, ինչպես սովորական պնեւմոկոկը:

Բարեբախտաբար, հվանդները զանգվածաբար չեն մահացել CG307 շտամի պատճառով: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ աղիքային բակտերիան ինֆեկցիա չի առաջացնում այնքան ժամանակ, մինչ գտնվում է իր բնակության միջավայրում՝ մարդու աղիներում: Այն մյուս միջավայրեր կարող է մտնել միայն իմունիտետի ծայրահեղ թուլանալու դեպքում:

Այսօր գիտնականները փորձում են հակաբիոտիկներ գտնել, որոնք ազդում են հայտնաբերված սուպերբակտերիայի վրա, մշակում են այս վտանգավոր շտամի բուժման եւ հետագա էվոլյուցիայի կանխման մեթոդիկա:

Վերջին շրջանում սուպերբակտերիաների խնդիրը, որոնք կայունություն են ցուցադրում նույնիսկ «պաշտպանության վերջին հավաքածուի» դեղամիջոցների նկատմամբ, ավելի է լրջանում: Ռեզիստենտ են դառնում ոչ միայն եզակի ախտածինները, այլեւ հիվանդությունների տարածված հարուցիչները, օրինակ՝ պնեւմակոկերը եւ ոսկեգույն ստաֆիլոկոկերը: Արդեն քանի տարի է գիտնականները եւ բժիշկները խոսում են այն մասին, որ եթե հակաբիոտիկները դադարեն գործել, ապա բժշկությունն արդեն մոտ ապագայում կվերադառնա միջնադար՝ ամենասովորական ինֆեկցիաները դարձյալ կսկսեն մարդկանց սպանել:

Սուպերբակտերիաների առաջացման պատճառները մեծաթիվ են. իրենց դերակատարումն ունեն հակաբիոտիկների սխալ օգտագործումը, դրանց կիրառումը կենդանիների աճի արագացման համար, ինչպես նաեւ բակտերիաների բնական էվոլյուցիան, որոնք ձգտում են կենսունակ մնալ:



© NEWS.am Medicine