Հնգյակի ողջ մնացած աղջիկները առողջանում են եւ քաշ հավաքում

15:37   19 մայիսի, 2017

Երեւանում ծնված հնգյակի ողջ մնացած աղջիկները՝ Աննան ու Ռոզան, առողջանում են եւ քաշ հավաքում: Մասնագետները նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, կայուն են գնահատում, չնայած աղջիկները, ինչպես նախկինում, շատ փոքր քաշ ունեն՝ 1 կգ-ից պակաս:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում NEWS.am Medicine-ին ասացին, որ փոքրիկ Աննան իրեն բավականին լավ է զգում եւ միանգամայն ակտիվ է: Ծնվելիս նա կշռել է 820 գրամ, հիմա կշռում է 950 գրամ: Նրան դոնորի կաթով են սնում, որը ձեռք են բերում մոտակա ծննադատներից, ինչպես նաեւ անհաս երեխաների համար նախատեսված հատուկ կերով:

Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոզայի վիճակը նույնպես կայուն է: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց կենտրոնի զեկավար Գեորգի Օկոեւը, անհաս նորածինների խնամքը բարդ եւ երկար գործընթաց է, որը կարող է շաբաթներ եւ նույնիսկ ամիսներ տեւել: Նա հավաստիացրեց, որ աղջիկն իրեն անհրաժեշտ ամեն ինչ ստանում է եւ մշտապես մասնագետների լարված ուշադրության ներքո է:

Հիշեցնենք, որ երկու աղջիկներն էլ արդեն ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխման, սակայն նրանք շարունակում են թթվածինը ստանալ CPAP թերապիայի միջոցով:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ծնվել է մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հնգյակի աղջիկներից մեկը, որն «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում էր, մահացել է՝ ուղեղի արյան զեղման պատճառով: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը «Մուրացան» ԲԿ-ում էր:

Հնգյակի տղան, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին:



© NEWS.am Medicine