Հայաստանում շուրջ 800 քաղաքացի պետպատվերով հեմոդիալիզ է ստանում. ԱՆ

17:50   19 մայիսի, 2017

Այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող ՀՀ շուրջ 800 քաղաքացի ծառայությունը ստանում է պետական պատվերի շրջանակում։ Հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Այսօր, մայիսի 19-ին, Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հեմոդիալիզային ծառայության ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը նախարարի պաշտոնակատարին զեկուցել է, որ հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն մատուցվում է 14 բժշկական հաստատությունում, որից 5-ը` Երևանում, 9-ը` մարզերում։

Ըստ զեկույցի՝ 2016 թվականին իրականացվել է հեմոդիալիզի 118.292 սեանս։

Աշխատանքային խմբի կանխատեսումով մինչև տարեվերջ այս ծառայությունից օգտվող հիվանդների թիվը կարող է հասնել 860-ի։

Քննարկվել են ծառայության բարելավմանը, անվտանգության ապահովմանը, հիվանդների նկատմամբ մշտական հսկողությանը և դեղերի անխափան մատակարարմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թե՛ սարքավորումների, թե՛ ծառայությունն իրականացնող բուժաշխատողների ծանրաբեռնվածությանը, վճարման մեխանիզմներին։

Հավանության են արժանացել հեմոդիալիզի գծով գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանի եւ գլխավոր նեֆրոլոգ Աշոտ Սարգսյանի ներկայացրած մոտեցումները` ուղղված երիկամային հիվանդությունների վաղ կանխարգելմանը եւ, որպես խնդրի երկարատև լուծում, երիկամների փոխպատվաստման խթանմանը։

Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին եւ գլխավոր մասնագետներին լրացուցիչ հանձնարարականներ է տվել ինչպես ծառայության որակի բարելավման, այնպես էլ` ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ։



© NEWS.am Medicine