Միջերկրածովյան դիետան ճարպակալման հավանականությունը 43 տոկոսով նվազեցնում է

21:20   19 մայիսի, 2017

Միջերկրածովյան դիետան ամբողջ 43 տոկոսով նվազեցնում ճարպակալման առաջացման հավանականությունը: Այս մասին հայտնում են Նավարայի համալսարանի (Իսպանիա) դիետոլոգները:

Հետազոտությամբ, որին մասնակցել է 16 հազար մարդ, պարզվել է, որ մրգերով, բանջարեղենով, հացաբույսերով եւ ձիթապտղի յուղով հագեցած դիետան գրեթե կիսով չափ նվազեցնում է մեծ քանակով ավելորդ քաշ հավաքելու հնարավորությունը: Վաղուց ի վեր միջերկրածովյան դիետան կապում են առողջության համար մեծ թվով առավելությունների հետ: Սակայն մինչեւ վերջին ժամանակները հայտնի չէր՝ այս սննդակարգը կարո՞ղ է կանխել ավելորդ քաշի եւ ճարպակալման առաջացումը: Այս հարցին պատասխանելու համար իսպանացի գիտնականները 10 տարի հետեւել են մարդկանց մի խմբի:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների սննդակարգում որքան շատ են եղել մրգերը, բանջարեղենը եւ ընդեղենը, այնքան փոքր է եղել ճարպակալման վտանգը՝ նրանց համեմատությամբ, ովքեր շատ միս եւ կենդանական ճարպ են կերել: Դրա հետ մեկտեղ, հետազոտության մասնակիցները, որոնք ճարպակալման ավելի փոքր հավանականություն են ունեցել, ամենեւին իրենց սննդակարգից միսն ամբողջությամբ չեն բացառել, նրանք պարզապես այն շատ չափավոր քանակով են օգտագործել՝ նախապատվություն տալով ձկանը:

Տասնամյա ժամակահատվածը լրանալուց հետո ճարպակալում է ախտորոշվել 584 մասնակիցների մոտ: Հետազոտողները հայտնաբերել են, որ կամավորների 20 տոկոսը, որոնք իրենց սննդակարգում բուսական մթերքի ավելի մեծ համամասնություն են օգտագործել, ամենից քիչ են վտանգվել ճարպակալմանը  բախվելուն: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ միջերկրածովյան դիետան էականորեն ազդում է մարդու առողջության շատ ասպեկտների վրա, ուստի այն կարելի է խորհուրդ տալ բնակչության ամենալայն շերտերին:



© NEWS.am Medicine