Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 315-ի

22:24   22 մայիսի, 2017

Եմենում խոլերայի համաճարակն արագորեն տարածվում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ապրիլի 27-ից մինչ օրս հիվանդությունն արդեն 315 մարդու կյանք է խլել: Ամենաշատ վարակվածները մայրաքաղաք Սանայում են, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այստեղ բնակչության երկու երրորդը (շուրջ 8 մլն մարդ) մաքուր խմելու ջուր չունի, իսկ խոլերան տարածվում է հենց կեղտոտ ջրի եւ սննդի միջոցով: Հիվանդության ընթացքը, որպես կանոն, ծանր է լինում, եւ բուժում չստանալու դեպքում մահը վրա է հասնում հաշված ժամերի ընթացքում:

Եմենի իշխանությունները հիվանդության բռնկման մասին առաջին անգամ հայտնել են 2016 թվականի հոկտեմբերին: ԱՀԿ-ի տվյալներով՝ այն շրջաններում, որտեղ վարակի վտանգը մեծ է, շուրջ 7.6 մլն մարդ է բնակվում: Առայժմ հաղորդվում է 22 նահանգներից 19-ում վարակի 29.300 հնարավոր դեպքի մասին:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ օգնություն ցուցաբերել Եմենին՝ խոլերայի տարածումը կանխելու համար:

Նշենք, որ Եմենում հակամարտությունը սրվեց 2015 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 8 հազար մարդ է զոհվել՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Շուրջ 19 մլն մարդ պատերազմի պատճառով մարդասիրական օգնության կարիք ունի: ԱՀԿ-ի տվյալներով՝ երկրում 300 պոլիկլինիկա եւ հիվանդանոց է ավերվել:



© NEWS.am Medicine