Անդամահատումից խուսափած տղամարդու ձեռքը ձեռնոցի է նմանվել (ֆոտո)

11:57   23 մայիսի, 2017

Զգուշացում. նկարները կարող են որոշ մարդկանց տհաճ թվալ

Կառլոս Մարիոտիի ձեռքն անդամահատումից փրկելու համար բրազիլացի վիրաբույժներն այն փորին են կարել: Հիմա նրա ձեռքը թաթմանի կամ բռնցքամարտի ձեռնոցի է նմանվել, բայց նա երազում է պլաստիկ վիրահատությունների շնորհիվ կրկին մատներ ստանալու մասին:

Կառլոսի ձեռքը խեղվել է դժբախտ պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել աշխատավայրում. ձեռքը դիպել է արդյունաբերական հոսքագծին, տառացիորեն ջնջխվել եւ մասերի բաժանվել: Թվում էր՝ այն անհնար է պահպանել, սակայն անդամահատումից հաջողվել է խուսափել բժիշկների բավականին անսովոր որոշման շնորհիվ, որոնք այն տեղադրել են հիվանդի փորի մեջ: Santa Otilia Foundation Hospital հիվանդանոցի վիրաբույժները փորի մեջ փափուկ հյուսվածքներով հատուկ գրպանիկ են ստեղծել, որպեսզի միսը ժամանակի ընթացքում ձեռքն ամբողջովին ծածկի եւ շարունակի նրան արյուն մատակարարել:

Սա թույլ է տվել ժամանակ շահել եւ վերջույթը պահպանելու հնարավորություն տալ: Վիրաբույժները խոստովանել են, որ նախկինում նման բան երբեք չեն արել, սակայն որոշել են փորձել՝ մաշկն առանձնացնելով փորի մկաններից եւ դրա հիմքով հատուկ պարկ ստեղծելով: Ձեռքն այս պարկում է մնացել ընդհանուր 42 օր:

Հիվանդը խոստովանել է, որ սարսափելի զգացողություններ է ունեցել, երբ ձեռքն զգացել է փորի մեջ, դրանից բացի՝ բժիշկները շարունակ խնդրել են մատները շարժել: Կառլոսն ամեն օր իրեն հիշեցրել է, որ չի կարելի ձեռքը շարժել, քանի որ կարերը կարող էին քանդվել եւ ամբողջ գործընթացը խափանել:

Ձեռքը մշտապես փորի մեջ պահելու անհրաժեշտությունը հիվանդի համար բավական ցավոտ եւ տհաճ էր: Ձեռքը հանելուց հետո այն փոքր-ինչ տարօրինակ տեսք ունի, սակայն  մոտ ապագայում տղամարդը պատրաստվում է վերականգնող պլաստիկ վիրահատությունների շարքի ենթարկվել, որոնք նրան թույլ կտան կրկին մատներ ստանալ: Կառլոսն այս վիրահատություններին անհամբերությամբ է սպասում:



© NEWS.am Medicine