Անհաս երեխաները 17 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անբավարարությունից. հետազոտություն

10:42   24 մայիսի, 2017

Անհաս՝ մինչեւ հղիության 28 շաբաթը ծնված երեխաները 17 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անբավարարությունից: Այս մասին հաղորդել են Karolinska Institutet-ի (Շվեդիա) գիտնականները:

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած մինչեւ հղիության 31-րդ շաբաթը ծնված երեխաների՝ ողջ մնալու հավանականությունը շուրջ 95% է, նույնիսկ այս խմբում սրտի անբավարարությունից մահանալու վտանգը երեք անգամ ավելին է, քան 38-րդ շաբաթից հետո ծնվածների մոտ:

Հետազոտողների կարծիքով՝ այս կապը բացատրվում է այն հանգամանքով, որ անհաս երեխաները ստիպված են հարմարվել արգանդից դուրս կենսապայմաններին, չնայած նրանց ներքին օրգաններն ու սիրտ-անոթային համակարգը դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել եւ պատրաստ չեն «ինքնուրույն» կյանքի:

Գիտնականներն ընդհանուր առմամբ ավելի քան 2.5 մլն մարդու առողջությանն են հետեւել, որոնք ծնվել են 1987-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում: Մասնագետներին հետաքրքրել են մանուկ եւ դեռահաս տարիքում սրտի հետ կապված խնդիրները: Արդյունքում պարզել են, որ անհաս երեխաները տասնյակ անգամներ ավելի հաճախ են բախվել այդ խնդրին: Բացի այդ, նրանց մոտ զգալիորեն մեծանում է նաեւ ուղեղի կաթվածի, հիպերտոնիայի եւ սրտի այլ հիվանդությունների զարգացման վտանգը:



© NEWS.am Medicine