Ցավազրկողները բարձրացնում են զարկերակային ճնշումը. մասնագետ

10:41   25 մայիսի, 2017

Տարածված ցավազրկող դեղամիջոցները, օրինակ՝ իբուպրոֆենը, նապրոքսենը եւ պիրոքսեկամը, կարող են բարձրացնել զարկերակային ճնշումը, այդ պատճառով խորհուրդ է տրվում հիպերտոնիա ունեցողներին դրանք նշանակելիս զգույշ լինել: Այս մասին հայտնել է դեղագործ Էրիկ Մարտինը:

Հարավային Տիրոլում անցկացված դեղագործների որակավորման բարձրացման դասընթացների ժամանակ նա հիշեցրել է, որ տարածված բազմաթիվ ցավազրկող միջոցներ հիպերտոնիա ունեցողներին նշանակված դեղամիջոցներին հակառակ ազդեցություն են ունենում եւ նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչը կարող է վտանգավոր լինել այս մարդկանց համար:

Կոնկրետ իբուպրոֆենը, նապրոքսենը եւ պիրոքսեկամը հաճախ հանգեցնում են ճնշման հետ կապված խնդիրների: Դեղագործի խոսքով՝ ճնշումն ավելի պակաս չափով բարձրացնում է ացետիլսալիցիլաթթուն (ասպիրին), այդ պատճառով հիպերտոնիա ունեցողներին հաճախ հենց սա են նշանակում:

Էրիկ Մարտինը նաեւ նշել է, որ դեղագործները բժիշկների հետ միասին պետք է ուշադրություն հատկացնեն դեղորայքի անվտանգության հարցերին եւ միշտ հիշեն հնարավոր կողմնակի ազդեցությունների եւ դեղերի անցանկալի փորգործակցության մասին: Այդպիսով հնարավոր կլինի դեղորայք նշանակելիս խուսափել բժշկական սխալներից:



© NEWS.am Medicine