Քնի ապնոեն կարող է շողացող առիթմիայի առաջացման պատճառ դառնալ

23:48   25 մայիսի, 2017

Քնի մեջ օբստրուկտիվ ապնոեի համախտանիշը մեծացնում է շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը, նախազգուշացնում են Օտավայի համալսարանի (Կանադա) գիտնականները: Նրանք նման եզրակացության են եկել ավելի քան 8 հազար մարդու հիվանդության պատմությունների ուսումնասիրման արդյունքում:

Քնի օբստրուկտիվ ապնոեն համախտանիշ է, որը բնութագրվում է քնի ժամանակ շնչառության կանգով՝ վերին շնչուղիների մասնակի կամ լիակատար նեղացման պատճառով: Օբստրուկտիվ ապնոեով հիվանդները հաճախ տառապում են բարձր ճնշմամբ, ինչն իր հերթին մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Շողացող առիթմիային (կամ նախասրտերի ֆիբրիլյացիային) հատուկ է անկանոն, երբեմն չափազանց հաճախակի սրտազարկը, որը կարող է մեծացնել կաթվածի, սրտային անբավարարության եւ այլ բարդությունների վտանգը:

Հետազոտության մասնակիցների միջին տարիքը 47 տարեկանն է: Նրանց բոլորի մոտ օբստրուկտիվ ապնոե է ախտորոշվել, բայց ոչ շողացող առիթմիա: Գիտնականներն ուսումնասիրել են յուրաքանչյուր հիվանդի բժշկական քարտը եւ նայել, թե մարդու մոտ քնի յուրաքանչյուր ժամում շնչառության քանի դադար է եղել եւ քանի ժամ է անցկացրել թթվածնի անբավարար հագեցվածությամբ՝ 90 տոկոսից պակաս: 10 տարվա ընթացքում 173 հվանդների մոտ առիթմիա է առաջացել, որը հոսպիտալացում է պահանջել:

Բժիշկ Տետյանա Կենձերսկայի ղեկավարությամբ գիտնականները պարզել են, որ շողացող առիթմիայի առաջացման հավանականության վրա ազդել է թթվածնի անբավարար հագեցվածությունը, մինչդեռ քնի յուրաքանչյուր ժամում շնչառության դադարների թիվն այս հարցում լուրջ դերակատարություն չի ունեցել:



© NEWS.am Medicine