Ինչով է սպառնում պարբերաբար քիչ քնելը. հետազոտություն

13:28   27 մայիսի, 2017

Պարբերաբար քիչ քնելն էապես մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններով եւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց կաթվածի հետեւանքով մահանալու հավանականությունը, պարզել են ԱՄՆ բժիշկները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում, համառոտ ներկայացնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան:

Սիրտ-անոթային հիվանդություններով եւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս քնել օրական վեց ժամից ոչ պակաս: Հակառակ դեպքում կաթված ստանալու հետեւանքով մահվան ելքի հավանականությունը 2 անգամ մեծ է, քան առողջ մարդկանց դեպքում, որոնք քնին օրական վեց ժամից ավելի են հատկացնում:

Հեղինակները նման եզրակացության են հանգել՝ պատահաբար ընտրելով 1344 մեծահասակների (որոնց միջին տարիքը 49 տարեկանն է, 42 տոկոսը տղամարդիկ են եղել): Նրանց շարքում գիտնականները ռիսկի խումբ են առանձնացրել (մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բարձր մակարդակ, արյան բարձր ճնշում), որի մեջ մտել է մասնակիցների 39,2 տոկոսը, որոնց հետեւել են 16,6 տարի:

Հետազոտության ավարտին հիվանդների 22 տոկոսը մահացել է: Պարզվել է, որ ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ, որոնք, սակայն, քնին օրական վեց ժամից ավելի են հատկացրել, առողջ մարդկանցից 1,5 անգամ ավելի հաճախ են կաթվածի հետեւանքով մահվան հավանականությանը բախվել: Իսկ եթե հիվանդները քնին օրական վեց ժամից քիչ են հատկացնում, ապա այս հավանականությունը 2 անգամ մեծանում է:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ամերիկացիներն ավելի շատ ուշադրություն են հատկացնում ժամանցին, զվարճություններին եւ աշխատանքին, քան քնին: Փորձագետների կարծիքով՝ սա սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ է առաջացնում:



© NEWS.am Medicine