Գիտնականները քաղցկեղային բջիջների աճը դանդաղեցնելու միջոց են գտել

19:55   27 մայիսի, 2017

ԱՄՆ-ից կենսաբանները քաղցկեղային ուռուցքների աճը դադարեցնելու կամ դանդաղեցնելու միջոց են գտել՝ արգելափակելով այն սպիտակուցի աշխատանքը, որն անհրաժեշտ է ցանկացած կենդանի բջջի տրոհման գործընթացի համար: Այս մասին ասված է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք գիտեինք, որ TSN սպիտակուցի մոլեկուլներն ավելի հաճախ հանդիպում են քաղցկեղային բջիջներում, քան առողջներում, եւ մեր հետազոտությունը ցույց տվեց, որ դրա աշխատանքի արգելափակումը կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել քաղցկեղի գերարագ աճը»,- հայտարարել է ամերիկյան Ռոչեսթերի համալսարանից Ռեյադ Էլբարբարին:

Քաղցկեղային բջիջների առանձնահատկություններից է այն, որ դրանք բազմաթիվ սննդարար նյութեր եւ թթվածին են կլանում՝ դրանք օգտագործելով իրենց անվերահսկելի աճի եւ բազմացման համար:

Էլբաբարին գործընկերների հետ քաղցկեղի դեմ «ոչ ավանդական» պայքարի նոր մեթոդ են մշակել՝ ուսումնասիրելով արգանդից եւ երիկամներից հանված ուռուցքների բջիջների բազմացումը: Բացահայտման հեղինակների ուշադրությունը գրավել են TSN սպիտակուցն ու գենը, որոնք առաջին հայացքից բջիջների տրոհման հետ կապված գործառույթ չեն կատարում: Այն պատասխանատու է ՌՆԹ-ի կարճ մոլեկուլների ոչնչացման համար: Գիտնականները նախկինում չէին կարծում, որ այդ սպիտակուցը կարող է կապված լինել քաղցկեղային բջիջների բազմացման հետ:

Պարզվել է, որ TSN-ն «անջատելու» դեպքում քաղցկեղային բջիջների տրոհումը զգալիորեն դանդաղում է: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այդ սպիտակուցը ոչ բոլոր կարճ ՌՆԹ-ներն է քայքայում, այլ միայն մի քանի տասնյակ նման մոլեկուլներ CDK2, CCND1, E2F1 եւ E2F2:

Համապատասխանաբար, TSN գենի վնասումը կամ հենց սպիտակուցի մոլեկուլների չեզոքացումն ավելացնում է ՌՆԹ-ի մոլեկուլների կենտրոնացումը եւ դրանք հնարավորություն ընձեռում արգելափակել տրոհման եւ աճի գեները: 



© NEWS.am Medicine