Թղթադրամները վտանգավոր վարակների աղբյուր են. գիտնականներ

14:21   29 մայիսի, 2017

Թղթադրամները կարոող են վտանգավոր վարակների աղբյուր հանդիսանալ: Դրանց վրա բազմաթիվ բակտերիաներ կան, որոնցից յուրաքանչյուր երրորդը կարող է տարբեր աստիճանի ծանրության ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնել: Այս մասին զգուշացրել են Հոնկոնգի համալսարանի մասնագետները:

Frontiers in Microbiology ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նշել են, որ թղթադրամների վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան մարդու ձեռքերին, մետրոյում, խմելու ջրում եւ ծովում: Բազմաթիվ թղթադրամների վրա մասնագետները մահացու E. coli շտամ են հայտնաբերել, որը ծանր սննդային թունավորում է առաջացնում: Բացի այդ, խոլերա առաջացնող բակտերիաների շտամ է հայտնաբերվել:

Ըստ գիտնականների՝ թղթադրամների մակերեւույթին բակտերիաներն իրենց շատ լավ են զգում: Մասնագետներն այդ բակտերիաներում մեծ քանակությամբ գեներ են հայտնաբերել, որոնք հակաբիոտիկներով բուժման հանդեպ կայունություն են առաջացնում:

Դոկտոր Ջուն Լիի խոսքով՝ քանի դեռ աշխարհը չի անցել լիարժեք անկանխիկ դրամաշրջանառության, հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել թղթադրամի անվտանգության խնդրին ու դրանց օգտագործման հիգիենային: Նրա կարծիքով՝ բանկերում պետք է պարբերաբար ախտահանեն թղթադրամները, իսկ քաղաքացիները պետք է հիշեն, որ թղթադրամի հետ գործ ունենալուց հետո հարկավոր է խնամքով լվանալ ձեռքերը:



© NEWS.am Medicine