Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է կնոջ 22 առողջ ատամները

23:48   29 մայիսի, 2017

Սանկտ Պետերբուրգում մասնավոր կլինիկայի ատամնաբույժը հեռացրել է 43-ամյա կնոջ 22 առողջ ատամները եւ անորակ «կամուրջներ» տեղադրել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2014 թվականին 40-ամյա բժիշկն իր ծառայությունների համար ավելի քան 843 հազար ռուբլի (15 հազար դոլար) է ստացել:

Ներկայում քննիչներն ատամնաբույժի այլ ենթադրյալ զոհերի են փնտրում:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայում 8 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել հոլանդացի ատամնաբույժ Յակոբուս Վան Նիերոպին, որին լրատվամիջոցները «դոկտոր սարսափ» էին կոչել:

Բժշկի գործողություններից, որը խոստովանել է, որ իրեն հաճույք էր պատճառում հիվանդներին այլանդակելը, շուրջ 120 մարդ է տուժել: Մի կին դատարանում պատմել է, որ Վան Նիերոպը մեկ ընդունելության ժամանակ 8 ատամ է հեռացրել, ինչից հետո երեք օր շարունակ արնահոսություն է ունեցել, իսկ հետագա մեկուկես տարիներին ընդհանրապես առանց ատամների է ապրել:



© NEWS.am Medicine