Կարելի՞ է վերքից օձի թույնն արտածծել

11:57   13 հունիսի, 2017

Մեծ թվով առասպելներ կան, թե օձի խայթոցի դեպքում առաջին օգնությունն ինչպես պետք է ցույց տալ: Ոմանք խորհուրդ են տալիս վերքն այրել կամ կտրվածք անել, մյուսները՝ վերքից թույնն արտածծել: Այս խորհուրդներից որի՞ն արժի հետեւել, որի՞ն՝ ոչ հարցերը պարզելու համար դիմեցինք Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանին:

Ոչ մի դեպքում չի կարելի խայթոցի տեղում կտրվածք անել, վերքն այրել եւ լարան դնել, պնդում է մասնագետը: Այս բոլոր գործողությունները կարող են տուժողին էլ ավելի վնասել, իսկ իրական օգուտ չեն ապահովի:

Իսկ ահա վերքից թույնն արտածծել, թունաբանի խոսքով, կարելի է եւ անհրաժեշտ է: Այս կերպ տուժողի օրգանիզմից կարելի է հանել թույնի մոտ 30 տոկոսը, որը միանգամայն վատ չէ: Չնայած տարածված առասպելներին, առաջին օգնություն ցույց տվողի համար թույնի արտածծումը վտանգավոր չէ, եթե նույնիսկ նա փչացած ատամներ ունի: Ճիշտ է, եթե նրա բերանի խոռոչում արնահոսող վերք կա կամ աղեստամոքսային համակարգում բաց խոց, ապա նրան չի կարելի թույնն արտածծել՝ վերքերի միջոցով թույնը կարող է անցնել նաեւ նրա օրգանիզմ:

Թույնն արտածծելիս անհրաժեշտ է տուժողին անշարժացնել եւ արագ հասցնել մոտակա հիվանդանոց, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Միքայել Գաբրիելյանի խոսքով՝ հակաթույներ կան Հայաստանի բոլոր կլինիկաներում:

Հակաթույնի առաջին չափաքանակը ցանկալի է ներարկել խայթոցից հետո առաջին 6 ժամվա ընթացքում: Դա որքան արագ կատարվի, այնքան տուժողի առողջանալու հավանականությունը կմեծանա:

Նշենք, որ Հայաստանում կա թունավոր օձերի 4 տեսակ, որոնցից ամենավտանգավորը հայկական իժն ու գյուրզան են: Սակայն դրանց կարող են տարբերակել ոչ բոլորը, ուստի խորհուրդ է տրվում բոլոր օձերի դեպքում զգուշավորություն պահպանել:



© NEWS.am Medicine