Ո՞ր մթերքները ցանկալի չէ օգտագործել սուրճի հետ

21:08   14 հունիսի, 2017

Որոշ մթերքներ սուրճի հետ վատ են զուգակցվում. դրանք այս ըմպելիքի հետ օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են սկսվել անբարենպաստ պրոցեսներ, որոնք մեծացնում են մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը: Փորձենք պարզել, թե ո՞ր մթերքների օգտագործումը սուրճի հետ ցանկալի չէ:

Պարզվում է՝ եթե յուղոտ ճաշատեսակ ուտելու ընթացքում նաեւ սուրճ խմեք, դա արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում կառաջացնի: Նույնիսկ նորմալ քաշով առողջ մարդու դեպքում արագ սնունդի նման յուղոտ կերակուր օգտագործելուց հետո գլյուկոզայի մակարդակը բարձրանում է: Եթե նման ճաշի հետ նաեւ սուրճ խմեք, ապա գլյուկոզայի մակարդակը 2 անգամ ավելի կբարձրանա՝ գրեթե ինչպես դիաբետի առաջացման մեծ հավանականությամբ մարդկանց մոտ:

Կանադացի գիտնականների խոսքով՝ յուղոտ սնունդը առողջ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնում է 32 տոկոսով: Ըստ որում՝ գլյուկոզայի մակարդակը կարող է մի քանի ժամ շարունակ բարձր մնալ: Իսկ եթե յուղոտ սնունդ օգտագործած մարդիկ 5 ժամվա ընթացքում խմում են 2 գավաթ սուրճ, նրանց արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է ամբողջ 65 տոկոսով:

Բժիշկների խոսքով՝ հագեցած ճարպերը օրգանիզմին խանգարում են գլյուկոզան նորմալ յուրացնել, իսկ կոֆեին պարունակող ըմպելիքներն այս խանգարումը միայն խորացնում են: Այդ պատճառով, եթե մարդը բուտերբրոդների, համբուրգերների կամ տապակած կարտոֆիլի հետ սուրճ խմելու սովորություն ունի, նրա արյան մեջ շաքարի մակարդակը բավականին հաճախ է բարձրանում, որն անխուսափելիորեն կանդրադառնա նրա ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա եւ կարող է դիաբետ ու այլ հիվանդություններ առաջացնել:



© NEWS.am Medicine