18:39 14 հունիսի, 2017Ութ տարեկան Քոուլ Հարթմանը ծանր վիճակում ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմումք՝ տղայի սիրտը չի բաբախել այն բանից հետո, երբ նա պատահաբար հայտնվել է լվացքի մեքենայի մեջ: Բժիշկներին հաջողվել է երեխային վերակենդանացնել, սակայն թթվածնային քաղցի պատճառով նրա ուղեղում անշրջելի փոփոխություններ են կատարվել: Բժիշկները Քոուլի մորը հայտնել են, որ նա կոմայից երբեք դուրս չի գա, եւ նա որոշել է որդուն անջատել կենսապահովման արհեստական սարքից, իսկ նրա օրգանները նվիրաբերել դրանց կարիքն ունեցողներին:
Նրա կողմից դոնորության համաձայնագիրը ստորագրելուց 23 րոպե հետո անեստեզիոլոգն արձանագրել է Քոուլի մահը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել 2013 թվականին՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանին առընթեր Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնում:
Դիահերձմամբ նոր մանրամասներ են հայտնաբերվել՝ պարզվել է, որ տղան ֆենտանիլի մահացու չափաքանակ է ստացել: Քննիչները կասկածում են, որ անեստեզիոլոգը Քոուլին հատուկ է ափիոնային ցավազրկողի մեծ չափաքանակ ներարկել, որ նրան սպանի եւ օրգանների ստացումն արագացնի:
Կորոնյորի (արեւմտյան որոշ երկրներում պաշտոնատար անձ, որը հետաքննում է արտասովոր հանգամանքներում կամ հանկարծակի մահվան դեպքերը եւ պարզում մահվան պատճառը) շրջանային գրասենյակի աշխատակցուհին 4 տարի հետո հասել է դեպքի քննությանը. ներկայումս Լոս Անջելեսի ոստիկանությունը եւ շրջանային դատախազությունը պարզում են տղայի մահվան իրական պատճառը:
2007 թվականին համանման դեպք է տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում՝ վիրաբույժն ամբաստանյալի աթոռին է հայտնվել օրգանների դոնորին թմրանյութի մեծ չափաքանակ ներարկելու համար: