Եթե էս մարդիկ 15 տարի առաջ հայտնվեին, ես գուցե արդեն ֆուտբոլիստ դարձած լինեի. զինհաշմանդամ

19:43   14 հունիսի, 2017

33-ամյա Գեւորգ Այվազյանը պարանոցի շրջանում վիրավորվել է դեռեւս 2002 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ժամանակ. ողնուղեղի վնասվածքի հետեւանքով նա զրկվել է մարմնի ստորին հատվածի զգայունությունից եւ քայլելու ունակությունից: Միայն վերջերս է նա սկսել վերականգնողական բուժում ստանալ, որն օգնում է վերականգնել վերջույթների զգայունությունը, եւ որի օգնությամբ նա վերստին սովորում է ոտքերի վրա կանգնել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգը նշեց, որ վիրավորվելուց հետո մի քանի ամիս անցկացրել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, որից հետո ինքն իրեն է տրամադրվել: Ամբողջ 15 տարի նա չի կարողացել կանգնել հաշմասայլակի վրայից: Քառօրյա պատերազմի իրադարձություններից հետո, սակայն, սկսել են վերականգնողական բուժում ստանալ ոչ միայն «ապրիլյան» տղաները, այլ նաեւ նրանք, որոնք շատ տարիներ առաջ են վիրավորվել: Այդ թվում՝ նաեւ Գեւորգը:

Գեւորգի խոսքով՝ Զինհաշմանդամների եւ վիրավորված զինվորների աջակցության խմբի եւ իր հետ աշխատող բոլոր մասնագետների շնորհիվ վերջին ամիսներին հաջողվել է ավելի մեծ առաջընթացի հասնել, քան անցած 15 տարիներին: Կարճ ժամանակահատվածում նրա մկանները սկսել են ամրանալ, եւ չնայած նա դեռեւս չի կարողանում քայլել, բայց արդեն կանգնել է սովորում:

«Եթե էս մարդիկ 15 տարի առաջ հայտնվեին, ես միգուցե արդեն ֆուտբոլիստ դարձած լինեի»,- նշեց Գեւորգը:

Հիմա Գեւորգն ասեղնաբուժություն, կինեզիթերապիա է ստանում, իսկ մոտ ապագայում, երբ կավարտվի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրին առընթեր նոր վերականգնողական կենտրոնի կառուցումը, կլինեն նաեւ ջրային վարժություններ եւ մկանների էլեկտրախթանում:



© NEWS.am Medicine