Ես որոշեցի, որ չպետք է սայլակով գնամ, պիտի քայլելով գնամ. ապրիլյան պատերազմի մասնակից

22:21   14 հունիսի, 2017

Մեկ տարի առաջ Դանիել Դավթյանը ծանր վիրավորվեց գլխի շրջանում: Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր, որից հետո ուշքի գալով քայլել չէր կարողանում: Այսօր Դանիելը կարողանում է առանց ձեռնափայտի քայլել եւ նույնիսկ հասարակական տրանսպորտից է օգտվում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Դանիելը պատմեց, որ ինքը սկսել է քայլել դեռեւս զինվորական հոսպիտալում բուժվելու ընթացքում: Նրան ոտքի կանգնել են օգնել վերականգնողական մասնագետներ Դավիթ Արսենյանը եւ Դավիթ Պալյանը:

Երբ Դանիելը տեղեկացել է, որ վերականգնողական բուժում է ստանալու Կարմի խաչի վերականգնողական կենտրոնում, որոշել է որ այնտեղ կգնա քայլելով: Նա չի ցանկացել կենտրոն գնալ հաշմասայլակով: Նա իր առջեւ նպատակ է դրել ու սկսել դրան հասնել, եւ իսկապես՝ կենտրոն է մտել քայլելով, իհարկե՝ ձեռնափայտի օգնությամբ: Դանիելը կենտրոնից դուրս է եկել արդեն առանց ձեռնափայտի:

Դանիելը վերականգնողական բուժում է ստացել ամբողջ վերջին տարվա ընթացքում, որն ակնհայտ արդյունք է տալիս. նա նախկինում, փաստորեն, ձախ ձեռքն ու ոտքը չէր զգում եւ դրանք շարժել չէր կարողանում: Հիմա նա լիովին տիրապետում է ձեռքին եւ քալում է, ինչպես արդեն նշեցինք՝ առանց ձեռնափայտի:

Դանիելին մի քանի օր առաջ կրանիոպլաստիկա է կատարվել՝ վիրահատություն, որի ընթացքում Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիրի նեյրովիրաբույժների խումբը ծածկել է գանգոսկրերի թերությունը, որն առաջացել էր վիրավորման հետեւանքով: Ոսկրի պակասող մասը փոխարինել են պրոտակրիլ հատուկ նյութով:

Հիշեցնենք, որ մեխանիկ տանկիստ Դանիել Դավթյանը վիրավորվել է ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Բազմաթիվ մանր բեկորներ են մխրճվել նրա պարանոցի, կրծքավանդակի, ուսերի եւ ձեռքերի մեջ, գանգը ծակելով՝ ընկել են ուղեղի մեջ:

Դանիելը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել, նրա վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ ծանր, եւ ոչ մեկը հույս չի ունեցել, որ նա ողջ կմնա: Մի անգամ զինվորական հոսպիտալին կցված հոգեւորականն առաջարկել է նրան մկրտել: Դանիելին մկրտել են հենց վերակենդանացման բաժանմունքում, եւ 2 օր անց նա, ինչպես պատմում են հարազատները, կոմայից դուրս է եկել եւ սկսել սրընթաց առողջանալ:



© NEWS.am Medicine