Ավստրալացի լրագրողը ողջ է մնացել այն բանից հետո, երբ փամփուշտը նրա պարանոցին է դիպել (ֆոտո)

21:10   15 հունիսի, 2017

Ավստրալացի լրագրող Ադամ Հարվին, որը լուսաբանում էր հակամարտությունը Ֆիլիպինների Մարավի քաղաքում, հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ փամփուշտը նրա պարանոցին է դիպել։

Վերջին օրերին Ադամ Հարվին ռեպորտաժներ էր պատրաստում իսլամական զինյալների կողմից զբաղեցրած տարածքներում ֆիլիպինյան զինված ուժերի մարտական գործողությունների մասին։ Սկզբում նա չի հասկացել, թե հատկապես ինչ է պարանոցին դիպել։ Նրան թվացել էր, թե դա լիցքի բեկոր է կամ դրա նման մի բան։ Իսկ երբ ռենտգեն են արել, պարզվել է, որ նրա պարանոցի մեջ փամփուշտ կա։

Վերջին տվյալներով, լրագրողին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նրա վզից փամփուշտը չեն հանել։

Հիշեցնենք, որ Ֆիլիպինների Մարավի քաղաքում շարունակվում են կառավարական զորքերի բախումները արմատական իսլամականների հետ։ Հակամարտության հետեւանքով 290 մարդ է սպանվել, այդ թվում 206 զինյալ, 58 զինվոր ու 26 քաղաքացիական անձ։



© NEWS.am Medicine