Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի հաճախ են ոչ առողջ երեխաներ ունենում. հետազոտություն

23:49   16 հունիսի, 2017

Ավելորդ քաշ ունեցող եւ ճարպակալմամբ տառապող կանայք ավելի հաճախ են ոչ առողջ երեխաներ ունենում. ապագա մայրը որքան գեր է, այնքան մեծ է հավանականությունը, որ երեխան բնածին արատներ կունենա: Այս մասին հայտնում են Karolinska Institute-ի գիտնականները:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1 մլն 200 հազար նորածինների տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ նորածինների մոտ պաթոլոգիաների եւ շեղումների զարգացումը 3,5 տոկոս դեպքերում կապված է մոր ավելորդ քաշի հետ, 3,8 տոկոս դեպքերում՝ կնոջ ճարպակալման, 4,7 տոկոս դեպքերում՝ մորբիդային ճարպակալման:

Հետազոտողների խոսքով՝ մայրանալ պատրաստվող կանանց ճարպակալումը պտղի վրա վնասակար ազդեցություն է ունենում դրա առաջացրած հորմոնալ փոփոխությունների պատճառով: Բժիշկները հիշեցնում են, որ ապագա մոր եւ նրա երեխայի միջեւ ընկերքի միջոցով հորմոնների փոխանակություն է կատարվում: Կնոջ մարմնում ճարպի առատությունը անմիջականորեն ազդում է այս պրոցեսի վրա:

Եթե կինը հղիություն է ծրագրում, ցանկալի է համոզվել, որ նրա քաշը նորմայի սահմաններում է, նշել են մասնագետները: Խորհուրդ է տրվում քաշը նորմայի շրջանակում պահել հղիության ժամանակ եւ դրանից հետո նույնպես:



© NEWS.am Medicine